
Իսրայելը հաստատել է Ֆիլադելֆիական միջանցքում ԻՊԲ-ի ներկայության պահպանումը

Իսրայելի անվտանգության կաբինետը հաստատել է Եգիպտոսի և Գազայի հատվածի միջև սահմանի մի հատվածում՝ Ֆիլադելֆիական միջանցքում, իսրայելական զորքերի ներկայությունը պահպանելու որոշումը։ Այս մասին հայտնում է The Jerusalem Post թերթը։
Ըստ պարբերականի տվյալների՝ կաբինետը զորքերի տեղակայման համապատասխան քարտեզները հաստատել է ութ ձայնի առավելությամբ։ Դեմ է արտահայտվել պաշտպանության նախարար Յոավ Գալանտը, իսկ Ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը ձեռնպահ է մնացել քվեարկությունից։
Ըստ պարբերականի՝ քարտեզները գծել է Իսրայելի պաշտպանության բանակը, և դրանք ընդունվել են ԱՄՆ-ի կողմից՝ որպես հրադադարի և պատանդների ազատ արձակման համաձայնագրի առաջարկի մի մաս։
Օգոստոսի 22-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հերքել է այն տեղեկատվությունը, թե երկրի ղեկավարությունը դիտարկում է միջազգային զորակազմի տեղակայման գաղափարը Գազայի հատվածի՝ Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ֆիլադելֆիական միջանցքում։ Հայտարարության մեջ նշվել է, որ կառավարության ղեկավարը պնդում է այն սկզբունքը, որի համաձայն Իսրայելը կվերահսկի Ֆիլադելֆիական միջանցքը՝ կանխելու պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման վերազինումը: