Բաժիններ՝

«Փյունիկը» պարտվեց Սլովենիայում և չկարողացավ դուրս գալ Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլ

Հայաստանի չեմպիոն Երևանի «Փյունիկը» չկարողացավ հաղթահարել սլովենական «Ցելյեի» արգելքը և դուրս գալ ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլ:

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը որակավորման փուլի փլեյ-օֆֆի դիմակայության առաջին խաղում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 1-0 հաշվով հաղթանակից հետո պատասխան մրցավեճում հյուրընկալվելիս պարտվեց 1-4:

Սլովենիայում կայացած խաղի մեկնարկից 11 րոպե անց «Փյունիկը» մնաց 10 ֆուտբոլիստով, կարմիր քարտ ստացավ բրազիլացի հարձակվող Խամես Սանթոսը:

Առաջին խաղակեսում «Փյունիկը» երկու գոլ բաց թողեց: Երկրորդ խաղակեսի մեկնարկից մեկ րոպե անց «Ցելյեն» ևս մնաց 10 ֆուտբոլիստով, կարմիր քարտ ստացավ բոսնիացի հարձակվող Մարիո Կվեսիչը:

64-րդ րոպեին էլ «Փյունիկը» 11-մետրանոց հարվածի իրավունք վաստակեց, նշակետից դիպուկ հարվածեց թիմի ավագ, մոլդովացի կիսապաշտպան Եվգենի Կոչուկը, որը հավասարեցրեց դիմակայության հաշիվը:

10 րոպե անց «Ցելյեի» համար խաղում երկու գնդակի առավելությունը վերականգնեց փոխարինման դուրս եկած լիտվացի հարձակվող Արմանդաս Կուչիսը: 12 րոպե անց էլ Կուչիսը հաշիվը դարձրեց 4-1, (ընդհանուրը` 4-2):

Հայաստանի 16-ակի չեմպիոնը եվրագավաթներում պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայից, որի որակավորման առաջին փուլի երկխաղյա դիմակայությունում պարտվել էր Մինսկի «Դինամոյին» (0-0, 0-1) և պայքարը շարունակում էր Կոնֆերենցիաների լիգայում։ Որակավորման նախորդ երկու փուլերում Հայաստանի 16-ակի չեմպիոնը հաղթահարել էր հյուսիսմակեդոնական «Ստրուգայի» (1-2, 3-1) ու Ղազախստանի չեմպիոն «Օրդաբասիի» (1-0, 1-0) արգելքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս