Իսրայելը համաձայնել է մարտերում ժամանակավոր դադարների՝ Գազայում պոլիոմիելիտի դեմ պատվաստումների համար
Իսրայելը համաձայնել է Գազայի հատվածում մի շարք հումանիտար դադարների, որպեսզի հնարավոր լինի երեխաներին պատվաստել պոլիոմիելիտի դեմ, հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։
Ըստ ԱՀԿ-ի բարձրաստիճան պաշտոնյա Ռիք Փիփերկորնի՝ նպատակն է պաղեստինյան անկլավում պատվաստել 640 000 երեխայի։ Դա կիրականացվի երեք փուլով՝ Գազայի կենտրոնական, հարավային և հյուսիսային հատվածներում։ Յուրաքանչյուր փուլի ժամանակ ռազմական գործողությունները կդադարեն երեք օր շարունակ, տեղի ժամանակով ժամը 06:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում։ Նման համաձայնություն է ձեռք բերվել այն բանից հետո, երբ ՄԱԿ-ից հայտնեցին, որ վերջին 25 տարիների ընթացքում առաջին անգամ օգոստոսի 16-ին պոլիոմիելիտի դեպք է գրանցվել Գազայի հատվածում. 10-ամսական երեխան մասամբ անդամալույծ է եղել հիվանդության հետևանքով
Պատվաստումները կիրականացվեն պաղեստինյան առողջապահության նախարարության կողմից՝ ԱՀԿ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղետինի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման գործակալության հետ համագործակցությամբ։ԱՀԿ-ն մտադիր է պատվաստում իրականացնել Գազայի հատվածի երեխաների 90 %-ի մոտ, ինչն անհրաժեշտ է վիրուսի տարածումը կանխելու համար։
Հնարավոր է, որ հումանիտար դադարը շարունակվի նաև չորրորդ օրը, եթե պատվաստումների նման մակարդակի հասնելու համար դրա կարիքը լինի։ Պոլիովիրուսը խիստ վարակիչ հիվանդություն է, որը հաճախ տարածվում է կոյուղաջրերի և աղտոտված ջրերի միջոցով։
ՀԱՄԱՍ-ի պաշտոնյաներից մեկը Reuters-ն հայտնել է, որ շարժումը պատրաստ է համագործակցել միջազգային կազմակերպությունների հետ՝ պատվաստումների իրականացումն ապահովելու համար։ Իր հերթին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ եռօրյա հումանիտար դադարները հրադադար չեն։
Գազայի հատվածում պատերազմը սկսվել է 2023 թ. հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների՝ Իսրայել ներխուժումից հետո, որի հետևանքով Իսրայելում զոհվել է 1200 մարդ։
Շուրջ 250 մարդ գերեվարվել էր. նրանց մի մասը վերադարձվել է նոյեմբերի վերջին հաստատված 1-շաբաթյա հրադադարի ժամանակ։ Գազայի առողջապահական գերատեսչության տվյալներով՝ հակամարտության սկզբից ի վեր պաղեստինյան անկլավում իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 40 600-ի։