
Փաշինյանի աշխատակազմը 4 միլիոն դրամանոց խորհրդատվություն կստանա

Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը հերթական անգամ բյուջեի գումարները կծախսի կառավարական շենքային պայմանները բարելավելու համար։
Նկատենք, որ նման ծախսեր Փաշինյանի աշխատակազմը կատարում է այն պարագայում, երբ 2024 թվականի առաջին կիսամյակում պլանավորված ու փաստացի հավաքագրված հարկերի միջև տարբերությունը հսկայական է. շուրջ 120 միլիարդ դրամի պակաս գումար է հարկվելև կանխատեսվում է, որ մինչև տարեվերջ պակասող գումարի ծավալը կհասնի 300 միլիարդ դրամի։
Նման պայմաններում հերթական անգամ գումար է հատկացվում Փաշինյանի աշխատակազմին, այս անգամ՝Կառավարական տուն 1-ի ջեռուցման ջրագծերը փոխելու համար. գումարի չափը կազմում է 70միլիոն դրամ՝ դեռևս նախնական հաշվարկով։
Ուշագրավ է, որ 70 միլիոն դրամից 4 միլիոն 400 հազար դրամ հատկացվելու է միայն խորհրդատվական ծառայությունների համար։ Նման թանկարժեք ծառայություն Փաշինյանի աշխատակազմին մատուցելու է «ԱՐԽԻ ԹՈՒԼՍ» ՍՊԸ-ն։
Վերջինս հենց այդքան գումարով կմատուցի ջերմամատակարարման մայրուղային խողովակաշարերի վերակառուցման և կաթսայատան վերազինման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման խորհրդատվություն։