Բաժիններ՝

Tesla-ն դիմել է Կանադային՝ Չինաստանից ներկրվող իր մեքենաների համար ավելի ցածր մաքսատուրքեր սահմանելու հարցով. Reuters

Էլեկտրամեքենաներ արտադրող ամերիկյան Tesla ընկերությունը Օտտավային խնդրել է վերանայել Չինաստանից ներմուծվող իր մեքենաների նկատմամբ մաքսատուրքերը՝ նախքան Կանադան հայտարարել է, որ 100 % մաքսատուրք է սահմանում Չինաստանից ներկրվող բոլոր էլեկտրական մեքենաների համար։

Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Կանադայի կառավարությունում իր աղբյուրին։Կանադան, հետևելով ԱՄՆ-ին, հայտարարել էր, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի 100 % մաքսատուրքը Չինաստանից ներկրվող բոլոր էլեկտրամեքենաների, այդ թվում՝ Tesla-ների համար՝ պատճառաբանելով, որ այդպես փորձում է հակազդել «Չինաստանի կանխամտածված, պետության կողմից ղեկավարվող գերառաջարկի քաղաքականությանը»։

Ըստ Reuters-ի աղբյուրի՝ Tesla-ն նախքան Կանադայի կողմից պաշտոնական հայտարարություն անելը Օտտավային խնդրել է իր համար նույնպիսի պայմաններ ստեղծել, ինչպիսիք ստեղծել է Եվրամիությունը, որտեղ Չինաստանում արտադրված բոլոր էլեկտրամեքենաների ներկրման համար սահմանվել է 36,3 % մաքսատուրք, իսկ Tesla-ի համար՝ 9 %։

Կանադայի ամենախոշոր՝ Վանկուվերի նավահանգիստ Չինաստանից ներմուծվող ավտոմեքենաների թիվը վերջին տարիներին աճել է 460 %-ով՝ 2023 թվականին հասնելով 44 356-ի, երբ Tesla-ն սկսեց Կանադա ներմուծել Շանհայում արտադրված էլեկտրամեքենաները։

Volvo Cars ընկերությունը հայտարարել է, որ դիտարկում է, թե ինչ ազդեցություն կունենա Կանադայում մաքսատուրքերի բարձրացումն իր վրա. շվեդական ավտոարտադրողի EX30, XC60 և սահմանափակ քանակությամբ S90 մոդելները Կանադա են ներմուծվում Չինաստանից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս