Բաժիններ՝

«Նոա»-ն դրամատիկ խաղում Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի ուղեգիր նվաճեց

Երևանի «Նոա»-ն ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի փլել-օֆֆ փուլի պատասխան խաղում մրցեց Սլովակիան ներկայացնող «Ռուժոմբերոկ»-ի հետ։ Հայկական ակումբը սեփական հարկի տակ 3-0 հաշվով վստահ հաղթանակ էր տոնել և խաղին մոտեցել էր լուրջ առավելությամբ, սակայն խաղը շատ ծանր ընթացք ստացավ «Նոա»-ի համար։

Խաղը շատ հաջող մեկնարկ ունեցավ դաշտի տերերի համար։ Արդեն հանդիպման 9-րդ րոպեին «Ռուժոմբերոկ»-ի ֆուտբոլիստներին առաջ անցան հաշվի մեջ։ Գոլի հեղինակ դարձավ Լութերանը։

Բաց թողած գոլից հետո «Նոա»-ն մի փոքր ակտիվացավ և սկսեց գրոհներ ձեռնարկել, սակայն մրցակցին հաջողվեց խուսափել գոլ բաց թողնելուց։ Փոխարենը առաջին խաղակեսի ավելացված ժամանակում «Ռուժոմբերոկ»-ը կարողացավ երկրորդ գնդակն ուղարկել «Նոա»-ի դարպասը։ Գոլի հեղինակ դարձավ Հլադիկը։

Երկրորդ խաղակեսում էլ Սլովակիան ներկայացող ակումբի ֆուտբոլիստները զարգացրեցին իրենց հաջողությունը և երրորդ գնդակն ուղարկեցին հայկական ակումբի դարպասը՝ հավասարեցնելով դիմակայության հաշիվը։ 70-րդ րոպեին 11 մետրանոցից գոլի հեղինակ դարձավ Բոդան։

Հայկական ակումբը, սակայն, չընկճվեց և կարողացավ կրկին առավելություն ստանալ դիմակայությունում։ Խաղակեսի վերջնամասում գոլի հեղինակ դարձավ Մաթեուս Այասը։

Ընդունած գոլից հետո «Ռուժոմբերոկ»-ի ֆուտբոլիստները նետվեցին առաջ խաղը փրկելու համար, սակայն հայկական ակումբը կարողացավ արդյունավետ պաշտպանվել ու խաղն իր օգտին ավարտել։

«Նոա»-ն ակումբի համար պատմական նվաճման հասավ․ թիմը հանդես կգա Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս