Լուիս Մորենո Օկամպոն հանդիպել է Բուենոս Այրեսի հայկական ուսումնական հաստատությունների ուսանողների հետ

Դոկտոր Լուիս Մորենո Օկամպոն՝ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազը, ով զեկույց է գրել, որում Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ որակել է որպես ցեղասպանություն, օգոստոսի 27-ին այցելել է Խրիմյան հայկական քոլեջ և հանդիպել Բուենոս Այրեսի հայկական ուսումնական հաստատությունների ուսանողների հետ։

ինչպես հայտնում է Diario Armenia-ն, հանդիպմանը մասնակցել են Խրիմյան վարժարանի, Մարի Մանուկյան ինստիտուտի, Վիսենտե Լոպեսի հայկական վարժարանի, Արծրունի հայկական վարժարանի և Մխիթարյան վարժարանի բազմաթիվ սաներ, ինչպես նաև Հարավային Ամերիկայի Հայ ազգային խորհրդի ներկայացուցիչներ Ագուստին Անալյանը, Ալեխանդրո Չահպազյանը, ուսումնական հաստատությունների վարչակազմերի ներկայացուցիչներ Գրասիելա Այնաջյանը, Սանդրա Ռաուբյանը, Խուան Կարագյոզյանը, Դիեգո Դեոկմելյանը, Ռիկարդո Գենկյանը և Մարիանո Ներգուզյանը։

Արգենտինահայ համայնքի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել դոկտոր Մորենո Օկամպոյին Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ցեղասպանական շրջափակումից հետո իր ստանձնած հանձնառության համար։ Ուսանողները իրենց երախտագիտությունն են հայտնել երկու զեկույցների առթիվ, որոնցում արձանագրվել է Ադրբեջանի միակողմանի հարձակման փաստը, որն ավարտվել է Լեռնային Ղարաբաղի տարածքի ամբողջական գրավմամբ և տեղաբնակ հայերի բռնի տեղահանմամբ։ Օկամպոն էթնիկ զտումների գործընթացն ու այդ վանդալիզմի ակտը որակել էր որպես ցեղասպանություն:

Մորենո Օկամպոն իր ելույթը սկսել է՝ կոչ անելով յուրաքանչյուր ուսանողի մասնակցել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP29) համաժողովի ժամանակ Ադրբեջանի հանցագործությունները դատապարտելու արշավին: «Այսօր աշխարհում ամենամեծ խնդիրն այն է, որ չկա դատավոր, ով կարող է վերափոխել իրավիճակը Հայաստանում: Համաշխարհային համակարգը չունի կենտրոնական իշխանություն: Շատ հարցեր լուծվում են զինված ուժերի միջոցով: Սա այն է, ինչ Ադրբեջանն արեց 2020 թվականին՝ տիրանալով Արցախի տարածքին»,- ասել է Օկամպոն:

Նա ուսանողներին առաջարկել է օգտագործել սոցիալական ցանցերը՝ դատապարտելու Ադրբեջանում կատարվող հանցագործությունները՝ օգտագործելով մի շարք հեշթեգներ՝ #COP29 #StopGreenwashGenocide #FreeArmenianHostages #FreePoliticalPrisoners #COP29Exposed #COPout29 #COP29HomFostreeba: Նրա խոսքով՝ առաջին նպատակը Բաքվում բանտարկված 23 հայերին ազատ արձակելն է, որոնց նա համարել է պատանդ, քանի որ, օրինակ, Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարները, որոնք ձերբակալվել են, նրա պնդմամբ՝ հանցագործություն չեն կատարել։ Օկամպոյի կարծիքով՝ դա ուղերձ է մնացած 120.000 հայերի համար, որոնք չեն վերադառնում Լեռնային Ղարաբաղ։

Բոլորին հիշեցնելով 1915 թվականի Հայոց ցեղասպանության փաստը՝ նա անդրադարձել է Ավրորա Մարդիգանյանի պատմությանը՝ վկայակոչելով «Ավրորայի արևածագը» (2022թ) վավերագրական ֆիլմը։ Ուսանողները բազմաթիվ հարցեր են ուղղել Մորենո Օկամպոյին: «Այսօր դուք աքսորված արցախցի երեխաներին ձայն ու ներկայացվածություն եք տալու ամբողջ աշխարհում»,- ասել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազը։

Տեսանյութեր

Լրահոս