Կոչս ու խնդրանքս. սեպտեմբրի 2-ին բոլորս այցելենք Արցախի Հանրապետության ներկայացուցչություն․ Թևան Պողոսյան
Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Սեպտեմբերի 2
Ցանկանում կրկնել կոչս ու խնդրանքս. սեպտեմբրի 2-ին բոլորս այցելենք Արցախի Հանրապետության ներկայացուցչություն։ Հուսամ, որ Արցախը կրկին կդառնա մեր միասնության կերտման սկիզբը։ Այդ այցելությամբ մենք կփաստենք ինքներս մեզ համար, նաև աշխարհին, որ Արցախը կա, ու մենք պայքարելու ենք նրա համար։
Այսօր մեկ այլ խնդրանք եմ հղում համայն հայությանը՝ Վլադիվոստոկից մինչև Գլենդել։
Սիրելի՛ հայեր, եկեք սեպտեմբերի 2-ին ապրենք Արցախով։ Գիտեմ, որ շատ հայեր ամեն օրն են այդպես ապրում, բայց այսօր ես դիմում եմ բոլորին. առնվազն այդ օրը դարձրեք Արցախի օր, ինչպես ձեզ համար, այնպես էլ ձեր շրջապատի համար։ Միգուցե մեկդ մի քանի ընկեր ունի, մյուսը՝ ազդեցություն հազարների վրա, երրորդը՝ միլիոնների։
Օգտագործե՛ք ձեր ազդեցությունը, ցույց տվեք, որ այդ օրը ձեզ համար Արցախի օրն է։
Արցախի Հանրապետության պետական խորհրդանիշներով շապիկ, գլխարկ, կրծքանշան կրելով, Արցախի դրոշը ուսներիդ, ձեռքներիդ պահելով, ձեր սենյակներում դնելով, մեքենայի դիմապակուն կպցնելով, ձեր սոցիալական էջում տեղադրելով, դրա մասին խոսելով և բոլորին պատմելով (վստահ եմ, որ բոլորդ էլ ավելի ստեղծագործ միտք կհղանաք և եթե այդ որոշումը կայացնեք, կգտնեք ձեզ համար ամենաարդյունավետ միջոցը՝ ձեր սրտի, հոգու և մտքի համար ամենաճիշտ ձևակերպումով աշխարհին ասել)՝ ԱՅՍՕՐ ԱՐՑԱԽԻ ՕՐՆ է։ Եկեք բոլոր հայերով, աշխարհի ցանկացած կետում, առնվազն այդ 24 ժամն ապրենք Արցախով։
Արցախը միշտ է իմացել ինչպես միավորել, և վստահ եմ, որ այդ օրն այն մեզ նորից կմիավորի:
Արցախը մեր բոլորի կարիքն ունի:
Իսկ Երևանում հուսամ, որ սեպտեմբերի 2-ին հազարավոր հայերի հոսք կլինի դեպի Արցախի Հանրապետության Ներկայացուչթյուն (ք.Երևան, Նաիրի Զարյան 17 ա/2)»: