Ունի՞ արդյոք Նիկոլ Վովայի Փաշինյանը հայերին Լեռնային Ղարաբաղ վերադարձնելու ծրագիր, ես դա չեմ տեսել. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր՝ օգոստոսի 28-ին, ճեպազրույցում մեկնաբանել է էթնիկ զտումներին և հայերի Արցախ վերադարձին վերաբերող հայ լրագրողի հարցը։
«Էթնիկական զտումների վերաբերյալ, ճիշտն ասած, կարծում եմ, որ ես և դուք արդեն խոսել ենք՝ հարցնելով, թե արդյոք այդ հաշվով որևէ եզրակացություն արե՞լ են Հայաստանում հարգանք վայելող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները։
Նույնիսկ այն ժամանակ, երբ մենք ձեզ հետ քննարկում էինք դա, վեց ամիս առաջ, դուք չէիք կարող ինձ տալ որևէ որոշում կամ գնահատական, որը բխեր էթնիկ զտումների վերաբերյալ միջազգային կազմակերպությունների կամ միջազգային կազմակերպությունում աշխատող փորձագետների գրչից։
Եթե ունեք, խնդրում եմ հաղորդակից դարձրեք ինձ կամ տրամադրեք համապատասխան գնահատականներ»,- հայտարարել է Զախարովան:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը միաժամանակ հարց է ուղղել՝ «ինչպես է ՀՀ վարչապետ Նիկոլ Վովաևիչ Փաշինյանը տեսնում հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ»։
«Ինչ վերաբերում է ձեր հարցին, թե ինչպես է Ռուսաստանը տեսնում հայ բնակչությանն իրենց պատմական հայրենիք՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձնելու հարցի լուծումը, դուք դա այսպես ձևակերպեցիք, ուզում եմ պարզաբանել՝ ինչպե՞ս է դա տեսնում ՀՀ վարչապետ Նիկոլ Վովաևիչ Փաշինյանը։ Դրա հաշվով կա՞ որևէ հանգամանալից ծրագիր»,-ասել է ԱԳՆ խոսնակը։
«Նման ծրագիր է ներկայացրել ադրբեջանական կողմը։ Ես տեսա դա։ Եթե ինչ-որ ծրագիր լինի Հայաստանի վարչապետի կողմից կազմված, ես էլ հաճույքով կնայեմ, հետո կմեկնաբանեմ»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։