Ադրբեջանում հասկանում են, որ հուշարձանները պահպանելը սուրբ պարտականություն է. Զախարովան՝ Արցախում հուշարձանների պահպանման մասին

Ռուսաստանը ձգտելու է հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում ներառել Հայրենական Մեծ պատերազմի պատմամշակութային ժառանգության օբյեկտների պահպանման թեման։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նշենք, որ համացանցում պարբերաբար հայտնվում են կադրեր, որտեղ ադրբեջանցիները ոչնչացնում են Հայրենական Մեծ պատերազմի հայ հերոսների՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող հուշարձաններն ու հուշակոթողները: Դա հաշվի առնելով՝ լրագրողը Զախարովային հարցրել է, թե ինչպես է ռուսական կողմն արձագանքում նման գործողություններին, և արդյոք այդ հարցը քննարկվել է Բաքվի ներկայացուցիչների հետ:

Զախարովայի խոսքով՝ թեման «ակտիվորեն քննարկվում է Երևանի և Բաքվի հետ աշխատանքային շփումների ընթացքում»։

«Մենք արտահայտել ենք մեր սկզբունքային դիրքորոշումը խորհրդային զինվորների հուշարձանների ոչնչացման անթույլատրելիության վերաբերյալ, որտեղ էլ դա տեղի ունենա։ Եվ ամեն անգամ այդ թեմային անդրադառնում ենք, մասնավորապես՝ նաև Ադրբեջանի ներկայացուցիչների հետ»,- հավելել է նա։

Զախարովայի կարծիքով՝ Ադրբեջանի ներկայացուցիչները հասկանում են, որ Հայրենական մեծ պատերազմի պատմական հուշարձանների պահպանումը «մեր երկրների սուրբ պարտականությունն է»:

Տեսանյութեր

Լրահոս