Բաժիններ՝

Զբոսաշրջային ընկերությունները կփակվե՞ն, թե՞ «սևերը» ստվերից դուրս կգան. նոր օրենքի խութերը

«Զբոսաշրջության մասին» նոր օրենքը, որն առայժմ միայն մասամբ է ուժի մեջ մտել, ոլորտում կբերի դրական փոփոխություններ, սակայն փոքր «խաղացողներին» աջակցելու նպատակով պետության համար կարևոր է հաշվի առնել նաև նրանց առանձնահատկությունները: Այս տեսակետը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց հայաստանյան զբոսաշրջային գործակալություններից մեկի սեփականատեր Ալինա Պետրոսյանը։

Վերը նշված օրենքի դրույթների մի մասը կսկսի գործել 2024 թվականի սեպտեմբերից, իսկ մնացածն ուժի մեջ կմտնի2025 թվականից։ Փոփոխությունների համաձայն՝ զբոսաշրջային գործունեությունը ենթակա է պարտադիր հաշվառման, և ընկերությունները պետք է այդ մասին տեղեկացնեն պետական մարմիններին: Բացի այդ, օպերատորները պետք է ունենան առնվազն 15 քմ մակերեսով գրասենյակ, 2 գրանցված աշխատակից և իրականացնեն ֆինանսական դեպոզիտներ:

Պետրոսյանը նշեց, որ նոր օրենքի որոշ դրույթներ իսկապես կարող են կանոնակարգել ոլորտը: Սակայն, նրա կարծիքով, կան նաև վիճելի կետեր։ Օրինակ` ընկերությունները, որոնք գնում և վաճառում են թռիչքների, հյուրանոցների ծառայություններ ոչ տեղական զբոսաշրջային օպերատորներից, կհամարվեն զբոսաշրջային ընկերություններ, այլ ոչ թե գործակալություններ, և դրանց նկատմամբ կկիրառվեն ավելի խիստ պահանջներ:

«Անհասկանալի է, թե ինչպես է հաշվարկվելու դեպոզիտը։ Եթե դա ֆիքսված է և ոչ փոքր, ապա շատ ընկերություններ, ամենայն հավանականությամբ, կփակվեն: Իսկ եթե գումարը կախված լինի գործունեության ծավալից, ապա խնդիրներից հնարավոր կլինի խուսափել»,- ընդգծեց Պետրոսյանը։

Զբոսաշրջության հարցերով փորձագետ Վլադիմիր Գևորգյանը կարծում է, որ օրենքի փոփոխությունները կօգնեն ստվերից դուրս բերել «սև զբոսաշրջային գործակալներին», որոնք երկար ժամանակ խուսափել են հարկեր վճարելուց և ձևավորել անբարեխիղճ մրցակցություն: Նրա խոսքով` 2025 թվականից, երբ օրենքն ամբողջությամբ ուժի մեջ մտնի, շուկայի բոլոր մասնակիցների համար կստեղծվեն հավասար մեկնարկային պայմաններ, ինչը մրցակցությունը կդարձնի արդարացի։

«Զբոսաշրջային օպերատորներն այժմ ստիպված են մրցակցել նրանց հետ, ովքեր աշխատում են առանց գրասենյակի և ոչ մի երաշխիք չեն տրամադրում։ Բայց վերջիններս հունվարից պարտավոր կլինեն գրանցվել, այլապես կենթարկվեն պատասխանատվության», – նշեց Գևորգյանը։

Նրա կարծիքով` ծառայությունների որակը զգալիորեն կբարձրանա, քանի որ հաշվառման կկանգնեն ոչ միայն զբոսաշրջային օպերատորներն ու գործակալությունները, այլև այդ շղթայի բոլոր օղակները՝ հյուրանոցները, տրանսպորտային ընկերությունները, զբոսավարները, ռեստորանները և այլն:

«Զբոսաշրջության մասին» օրենքը ՀՀ ԱԺ–ն ընդունել է 2023 թվականի դեկտեմբերի 22-ին՝ մի քանի տարի շարունակ մշակելուց հետո։ 2025 թվականից կսկսի գործել զբոսաշրջային ծառայություններ մատուցող բոլոր անձանց հաշվառման համակարգը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս