
Ուկրաինական ուղղափառ եկեղեցին օրենքից դուրս է հայտարարվել երկրում

Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Ուկրաինայի տարածքում Ռուսաստանին առնչվող կրոնական կազմակերպությունների գործունեությունը արգելող օրենքը: Արգելքի տակ է հայտնվել նաև Ուկրաինական ուղղափառ եկեղեցին:
Համապատասխան տեղեկությունը ներկայացված է Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում: Նշվում է, որ «Ուկրաինայում կրոնական կազմակերպությունների գործունեության մասին Ուկրաինայի որոշ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը» օգոստոսի 24-ին վերադարձվել է նախագահ Զելենսկու ստորագրությամբ:
Օգոստոսի 20-ին Ռադան ընդունել էր երկրում ամենամեծ քրիստոնեական դավանանքն ու հավատացյալների համայնքն ունեցող Ուկրաինական ուղղափառ եկեղեցին արգելելու հնարավորություն ընձեռող օրենք: Այդ կապակցությամբ պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը նշել է, որ Ուկրաինական ուղղափառ եկեղեցին 9 ամիս ունի Ռուս ուղղափառ եկեղեցու հետ կապերը խզելու համար։
Օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց 30 օր հետո։ Ավելի վաղ օրինագծին աջակցություն էր հայտնել Եկեղեցիների և կրոնական կազմակերպությունների համաուկրաինական խորհուրդը։