Չինաստանի նախագահը կմասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին, որը կանցկացվի Կազանում
ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինը հոկտեմբերին կմասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանում Չինաստանի դեսպան Չժան Հանհուեյը:
«Նախատեսվում է այց, ուղևորություն, նա կմասնակցի գագաթնաժողովին», – ասել է դիվանագետը՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Հիշեցնենք` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այդ գագաթնաժողովին է հրավիրել նաև իրանցի գործընկեր Մասուդ Պեզեշքիանին։
ԲՐԻԿՍ-ը միավորում է Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը, սակայն վերջին շրջանում տնտեսական դաշինքին միանալու ցանկություն է հայտնել արդեն 23 պետություն:
Օգոստոսին Յոհանեսբուրգում կայացած գագաթնաժողովից հետո հայտնի դարձավ, որ 2024-ի հունվարի 1-ից ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հրավեր են ստացել ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Իրանը, Արգենտինան, Եգիպտոսը և Եթովպիան:
Նշենք, որ ԲՐԻԿՍ-ին անդամակցելու պաշտոնական հայտ է ներկայացրել նաև Ադրբեջանը։