Բաժիններ՝

Մեծ է Ձեր վաստակը և ավանդը Հայաստանի Հանրապետության և Հայոց եկեղեցու միջև կապերի ամրապնդման և զարգացման գործում

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է։

Վեհափա՛ռ Տեր․

ՀՀԿ հոգևոր-մշակութային և գիտակրթական հանձնաժողովի անդամների անունից թո՛ւյլ տվեք շնորհավորել Ձերդ Սրբությանը ծննդյան 73-ամյակի առթիվ։

Դուք ձեր ծննդյան տարեդարձը դիմավորում եք Հայոց Առաքելական եկեղեցու անդաստանում արգասաբեր գործունեության և ծառայության մեծ վաստակով։

Հայոց եկեղեցու առաջնորդի սրբազան պարտականությունը Դուք ստանձնեցիք մեր անկախ պետականության բախտորոշ ժամանակաշրջանին և լծվեցիք մեր պետության ու եկեղեցու առջև ծառացած խնդիրների լուծմանը՝ ի նպաստ համայն հայության միասնության և հոգևոր կյանքի պայծառացման ու շենացման, կյանքի կոչեցինք հայրենական և եկեղեցական մի շարք կարևոր ծրագրեր, նախաձեռնություններ և միջոցառումներ։

Մեծ է Ձեր վաստակը և ավանդը Հայաստանի Հանրապետության և Հայոց եկեղեցու միջև կապերի ամրապնդման և զարգացման, կրոնական դիվանագիտության և միջեկեղեցական փոխգործակցության, աշխարհասփյուռ հայությանը Հայաստանի պետության շուրջ համախմբման գործում։

Վերստին մեր ջերմ շնորհավորանքները բերելով և հայցելով Տիրոջ Սուրբ Աջի առաջնորդությունն ու հովանին՝ մաղթում ենք ձեզ քաջառողջություն, բեղմնավոր և արգասաբեր գործունեություն, գահակալության երկար տարիներ՝ ի վերաշինություն Հայոց Առաքելական Սուրբ եկեղեցու, հանուն համայն հայության ազգային իղձերի ու նպատակների իրագործման և Հայաստանի Հանրապետության։

Որդիական խոնարհությամբ մատչիմ ի համբույր Ձերդ Սրբության Օծյալ Սուրբ Աջույն՝ Վոլոդյա Գասպարյան

ՀՀԿ հոգևոր-մշակութային և գիտակրթական հանձնաժողովի նախագահ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս