ՌԴ քաղաքացին ուղևորվել էր Հրազդան ու կորել. նրա դին հայտնաբերվել է ջրամբարի մոտակայքում
Օգոստոսի 20-ին, ժամը 17։53-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին Հանքավան գյուղից հեծանվով ուղևորվել է Հրազդան քաղաք, սակայն մոտ 2 ժամ է չի պատասխանում հեռախոսազանգերին. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատների օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և կինոլոգիական խմբերը։
Օգոստոսի 21-ին փրկարարները Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին՝ ջրամբարի մոտակայքում, հայտնաբերել են Մ․ Լ․-ի (ծնված 2002 թ․ ՌԴ քաղաքացի) դին։
Փրկարարները քաղաքացու դին մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային։
Որոնողական աշխատանքներին ներգրավված են եղել 34 փրկարարական ծառայող և կիրառվել է 2 անօդաչու թռչող սարք։
ՆԳՆ ոստիկանությունը կազմած փաստաթղթերն ուղարկել է Քննչական կոմիտե՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով: