
ՄԱԿ-ի վարչությունից հայտնել են Գազայի հատվածում հումանիտար իրավիճակի վատթարացման մասին

Օգոստոսին Գազայի հատվածից խաղաղ բնակչության տարհանման՝ Իսրայելի պաշտպանության բանակի հրամանները վերաբերել են մոտ 213 000 պաղեստինցիների: Այս մասին հայտնել է Պաղեստինի օկուպացված տարածքներում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչության ներկայացուցչությունը։
«Օգոստոսի սկզբից իսրայելցի զինվորականները հրապարակել են տարհանման մասին ինը հրաման, որոնք վերաբերում են մոտավորապես 213 000 մարդու Խան Յունիսում, Դեյր էլ Բալահում և ավելի քիչ չափով՝ հյուսիսային Գազայում», – կազմակերպության զեկույցից մեջբերում է ՏԱՍՍ-ը:
Միջազգային կազմակերպության տվյալներով՝ Ալ Մավասիի շրջանում բնակչության խտությունը կտրուկ աճել է և կազմում է 30-34 հազար մարդ մեկ քառակուսի կիլոմետրի հաշվով։
Մինչև հակամարտությունն այդ ցուցանիշը կազմում էր 1200 մարդ մեկ քառակուսի կիլոմետրի հաշվով։ Ինչպես նշում են զեկույցի հեղինակները, դա կտրուկ վատթարացնում է հումանիտար իրավիճակն անկլավում։
Մերձավոր Արևելքում իրադրությունը սրվել է ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո, որի հետևանքով Իսրայելում 1200 մարդ է զոհվել, շուրջ 250-ը՝ գերեվարվել։
Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 40 200-ի։
Անկլավի 2,3 միլիոն բնակիչներից գրեթե բոլորը տեղահանվել են իրենց տներից։ Եգիպտոսի, Կատարի և ԱՄՆ-ի միջնորդությամբ նոյեմբերին հաստատված մեկշաբաթյա հրադադարի ընթացքում 105 պատանդ փոխանակվել է Իսրայելում բանտարկված 240 պաղեստինցու հետ։