Ռոստովի մարզի նավթապահեստում հրդեհի դեմ պայքարը շարունակվում է չորրորդ օրը
Ռոստովի մարզի Պրոլետարսկ քաղաքում նավթապահեստում անօդաչու թռչող սարքի հարվածից բռնկված հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են արդեն չորս օր, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները։
Բուժօգնության է դիմել ևս մեկ մարդ։ Այսպիսով, ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են առողջապահական իշխանությունները, հրդեհից տուժածների թիվը հասել է 42-ի։
«Ընդհանուր առմամբ, տուժել է 42 մարդ, նրանցից 15-ը հոսպիտալացվել են», – ասել է գործակալության զրուցակիցը՝ նշելով, որ բոլոր տուժածները հրշեջներ են։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրդեհը մարելիս տուժել է 41 հրշեջ, որոնցից հինգը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։Ավելի վաղ տարածաշրջանի իշխանությունները հայտնել էին, որ Ռոստովի մարզի հարավ-արևելքում գտնվող վառելիքի պահեստում հրդեհ է բռնկվել օգոստոսի 18-ի առավոտյան, ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո։
Ըստ «Նովոստի Ռոստովա» պարբերականի՝ օգոստոսի 20-ին նավթապահեստի վրա ԱԹՍ-ներով նոր հարձակման փորձ է եղել, սակայն հակաօդային պաշտպանության համակարգը կանխել է հարձակումը։