Պուտինի այցից հետո Ադրբեջանը BRICS-ին անդամակցելու հայտ է ներկայացրել
Ադրբեջանը պաշտոնապես հայտ է ներկայացրել BRICS-ին միանալու համար, հայտնել է երկրի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։ Բաքուն այս ցանկության մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ երկրից հեռանալուց մեկ օր անց, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
BRICS-ը միջկառավարական կազմակերպություն է, որը ստեղծվել է 2006 թվականին՝ հինգ երկրների կողմից ։
Այսօր այն ներառում է Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Հարավային Աֆրիկան, Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը և Արաբական Միացյալ Էմիրությունները։ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին անցյալ շաբաթավերջին ասել է, որ Բաքուն շահագրգռված է BRICS-ին անդամակցելու հարցում։
«BRICS-ին միանալ ցանկացողների երկար շարան կա: Ադրբեջանն իսկապես նման ցանկություն է հայտնել»,- ասել է դեսպանը։
Նա հայտնել է, որ Մոսկվան և Բաքուն երկար ժամանակ քննարկում են համագործակցության ընդլայնման հնարավորությունները, և BRICS-ին դիմելը պետք է դիտարկել որպես քայլ այս ուղղությամբ։ Բյուլբյուլօղլուի հայտարարություններն ու փաստաթղթերի ներկայացումը համընկել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ շաբաթավերջին Բաքու կատարած երկօրյա այցի հետ։ Սա Պուտինի առաջին այցն էր Ադրբեջան Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի սկսվելուց հետո։
Այցը հակասական արձագանք է առաջացրել բուն Ադրբեջանում և զարմացրել արևմտյան վերլուծաբաններին ու մամուլին։ Շատերին հետաքրքրում է, թե ինչո՞ւ է ՌԴ նախագահը գնացել Բաքու և ինչո՞ւ հիմա: