Իսրայելը գնդակոծել է Լիբանանի մի շարք բնակավայրեր. կան զոհեր և վիրավորներ
Լիբանանի հարավում գտնվող մի քանի բնակավայրեր հարվածների են ենթարկվել Իսրայելի բանակի կողմից։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ Լիբանանի Ազգային լրատվական գործակալության տվյալներով՝ հարվածներ են հասցվել, մասնավորապես, Այտա էշ Շաաբ, Էդ Դահիրա, Էն Նակուրա և Հուլա ավաններին։ Էդ Դահիրայում գնդակոծությունների զոհ է դարձել չորս մարդ, ևս երկուսը վիրավորվել է։
Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդել է Լիբանանի Al Mayadeen հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությունը, Իսրայելի բանակի հարվածների հետևանքով առնվազն մեկ մարդ է զոհվել, ևս 20-ը՝ վիրավորվել Լիբանանի արևելքում գտնվող Բեքաայի հովտում։Լրատվամիջոցի տվյալներով՝ տուժածների թվում կան մինչև 10 տարեկան առնվազն ութ երեխա և մեկ հղի կին։
Մերձավոր Արևելքում իրավիճակը սրվել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման հարձակումից հետո, որի հետևանքով Իսրայելում 1200 մարդ է զոհվել, շուրջ 250-ը՝ գերեվարվել։
Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 40 200-ի։
Այս ընթացքում լիբանանյան շիա «Հեզբոլլահ» շարժումը և իսրայելական ուժերը պարբերաբար հարվածներ են հասցնում միմյանց Իսրայելի և Լիբանանի սահմանամերձ շրջաններում։