
«Թուրքիան Աֆրիկայում մեծացնում է իր ազդեցությունը». Bloomberg

Ամերիկյան Bloomberg պարբերականի համաձայն՝ Թուրքիան Սոմալիի շրջակայքում նավթի որոնման աշխատանքներ իրականացնելու համար հորատող նավ է ուղարկելու Աֆրիկա: Այն նախատեսվում է Սոմալի ուղարկել առաջիկա ամիսներին: Ծովում գտնվող նավթային բլոկները հայտնաբերելու համար նախատեսված նավի երկարությունը հասնում է 86 մետրի:
Տեղեկատվությանը զուգահեռ նշվում է, որ Թուրքիան առնվազն աֆրիկյան 11 պետության անօդաչու թռչող սարքեր է մատակարարում և միաժամանակ համագործակցում այլ ոլորտներում:
Պարբերականն ուշադրություն է հրավիրել նաև Աֆրիկայում Թուրքիայի նկրտումների և ձգտումների վրա՝ նշելով, որ այդ պետությունը ցանկանում է խորացնել իր ազդեցությունն աֆրիկյան մայրցամաքում և այդպիսով ամրապնդել իր էներգետիկ անվտանգությունը:
Բացի այդ Bloomberg-ը տվյալներ է հրապարակել Թուրքիայի կողմից Աֆրիկա իրականացված արտահանումների վերաբերյալ: Ըստ այդմ՝ 2022-ին արտահանումների ծավալը կազմել է 30.6 մլրդ դոլար, իսկ 2023-ին նվազել՝ հասնելով 28.6 մլրդ դոլարի:
Նշվում է, որ ապրանքները մեծամասամբ արտահանվել են Եգիպտոս, Մարոկկո, Հարավային Աֆրիկա և Նիգերիա: