Ի՞նչ պետք է անեն այն վարորդները, որոնք տաքսի ծառայություն են մատուցում անհատապես․ ՊԵԿ-ի պարզաբանումը
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն հարց ու պատասխանի ձևաչափով ներկայացրել է մանրամասներ տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումների մասին:
– Ի՞նչ նոր փոփոխություններ են գործելու սեպտեմբերի 1-ից տաքսի ծառայության ոլորտում
– Նոր կարգավորումների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել միայն այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք ունեն համապատասխան լիցենզիա, միացել են հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին և տրամադրում են էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն։
– Ի՞նչ պետք է անեն էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող ընկերությունները
– Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող անհատ ձեռնարկատերերը կամ կազմակերպությունները (GG, Yandex, Utaxi և այլն) պետք է՝
- լիազոր մարմնից՝ Տարածքային կառավարման և նթակառուցվածքների նախարարությունից, ձեռք բերեն այդ գործունեությամբ զբաղվելու իրավունքը և վճարեն տարեկան պետական տուրք՝ տարեկան բազային տուրքի (1000 դրամ) 1000-ապատիկի չափով (1 մլն դրամ),
- միանան ՊԵԿ էլեկտրոնային համակարգին, գեներացնեն էլեկտրոնային ՀԴՄ կտրոն և յուրաքանչյուր պատվերի դեպքում՝ վարորդի փոխարեն տրամադրեն պատվիրատուին,
- էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնեն տաքսի ծառայություն մատուցողից ուղևորափոխադրման համար գանձված և պետական բյուջե վճարման ենթակա պետական տուրքի վերաբերյալ հայտարարություն՝ մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ,
- պետական բյուջե վճարեն փոխադրման ընդհանուր արժեքից պետական տուրքը՝ մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ։
– Ի՞նչ պարտավորություններ ունեն վարորդները, եթե տաքսի ծառայություն են մատուցում՝ պատվերներ ստանալով GG, Yandex, Utaxi կամ այլ հարթակներից:
– Այն վարորդները, որոնք տաքսի ծառայություն են մատուցում իրենց անձնական մեքենայով, բայց պատվերներ ստանալով GG, Yandex, Utaxi կամ այլ հարթակներից, ապա այս դեպքում նրանք չունեն որևէ պարտավորություն, բացի հարկային մարմնում հաշվառվելուց։ ՊԵԿ համակարգին միանալու, էլեկտրոնային ՀԴՄ գեներացնելու, պատվիրատուին տրամադրելու և պետական տուրքը վճարելու բոլոր պարտավորություններն իրենց փոխարեն կատարելու է էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող ընկերությունը։
– Ինչպե՞ս վարորդները պետք է հաշվառվեն հարկային մարմնում, եթե տաքսի ծառայություն են մատուցում՝ պատվերներ ստանալով GG, Yandex, Utaxi կամ այլ հարթակներից
– GG, Yandex, Utaxi կամ այլ հարթակներից տաքսի ծառայության պատվերներ ստացող` ՀՀ քաղաքացի հանդիսացող վարորդներին հարկային մարմնում հաշվառում են էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող ընկերությունները` հարկային մարմին տրամադրելով տեղեկատվություն՝ տվյալ վարորդի անձնագրի կամ նույնականացման քարտի և հանրային ծառայության համարանիշի, իսկ դրա բացակայության դեպքում` ՀԾՀ-ի բացակայության վերաբերյալ լիազոր մարմնի տրամադրած տեղեկանքի վերաբերյալ։ ՀՎՀՀ-ն հարկային մարմնի տեղեկատվական համակարգը կտրամադրի մեկ աշխատանքային օրվա ընթացքում։
Օտարերկրյա քաղաքացիները հարկային մարմնում հաշվառվում են ինքնուրույն՝ այցելելով ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման ցանկացած բաժին։
– Ո՞վ է տրամադրում էլեկտրոնային ՀԴՄ կտրոնը, եթե վարորդը տաքսի ծառայություն է մատուցում՝ պատվերներ ստանալով GG, Yandex, Utaxi կամ այլ հարթակներից
– Եթե վարորդը տաքսի ծառայություն մատուցում է պատվերներ ստանալով GG, Yandex, Utaxi կամ այլ հարթակներից, ապա յուրաքանչյուր պատվերի դեպքում էլեկտրոնային ՀԴՄ կտրոնը գեներացնում և վարորդի փոխարեն պատվիրատուին տրամադրում է էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցողը, այսինքն GG, Yandex, Utaxi և այլ ընկերությունները՝ իրենց հավելվածների միջոցով։
– Արդյոք անհրաժեշտ է գնել առանձին հսկիչ դրամարկղային մեքենա
– Ոչ, պատվիրատուին էլեկտրոնային ՀԴՄ կտրոն տրամադրելու համար առանձին հսկիչ դրամարկղային մեքենա գնելու կարիք չկա։ ՀԴՄ կտրոնը լինելու է էլեկտրոնային և գեներացվելու է ավտոմատ՝ ՊԵԿ-ին միացած համակարգի միջոցով, իսկ GG, Yandex, Utaxi կամ նմանատիպ այլ հարթակներով կատարված պատվերների դեպքում՝ դրանց հավելվածների միջոցով։
– Ի՞նչ պարտավորություններ ունեն «տաքսի սերվիսները», եթե տաքսի ծառայություն են մատուցում՝ պատվեր ստանալով GG, Yandex, Utaxi կամ այլ հարթակներից
– Տաքսի ծառայություն մատուցող այն կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, այսինքն այսպես կոչված «տաքսի սերվիսները», որոնք աշխատում են՝ պատվերներ ստանալով GG, Yandex, Utaxi կամ այլ հարթակներից, որևէ պարտավորություն չունեն, բացի հարկային մարմնում ինքնուրույն հաշվառվելուց։ Նրանց փոխարեն բոլոր պարտավորությունները՝ ՊԵԿ համակարգին միանալը, էլեկտրոնային ՀԴՄ գեներացնելը և պատվիրատուին տրամադրելը, ինչպես նաև պետական տուրքի վճարումը կատարելու է էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող ընկերությունը։
– Ի՞նչ պետք է անեն այն վարորդները, որոնք տաքսի ծառայություն են մատուցում անհատապես՝ չստանալով պատվերներ GG, Yandex, Utaxi կամ այլ հարթակներից
– Այն ֆիզիկական անձինք, որոնք տաքսի ծառայություն են մատուցում անհատապես՝ ուղևորափոխադրման պատվեր չստանալով որևէ էլեկտրոնային հարթակից, ապա նրանք պետք է՝
- լիազոր մարմնից՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, ստանան լիցենզիա, որի համար սահմանված չէ պետական տուրք,
- մոբայլ տարբերակով միանան ՊԵԿ էլեկտրոնային համակարգին, նույնականացում անցնելով՝ մուտք գործեն համակարգ, ապա նույն համակարգի միջոցով առանց որևէ դիմում ներկայացնելու՝ առցանց եղանակով ստանան հարկ վճարողի հաշվառման համար և պատվեր կատարելուց հետո պատվիրատուին տրամադրեն էլեկտրոնային ՀԴՄ կտրոն,
- էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնեն արտոնագիր ստանալու նպատակով իրենց գործունեության մասին հայտարարություն՝ մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ,
- պետական բյուջե վճարեն փոխադրման ընդհանուր արժեքից պետական տուրքը՝ մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ։
– Ի՞նչ պարտավորություններ ունեն «տաքսի սերվիսները», որոնք մատուցում են տաքսի ծառայություն իրենց ընկերության միջոցով՝ չմիանալով GG, Yandex, Utaxi կամ այլ հարթակների
– Այն կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, այսինքն այսպես կոչված «տաքսի սերվիսները», որոնք աշխատում են բացառապես իրենց ընկերության միջոցով և չեն միանում GG, Yandex, Utaxi կամ այլ հարթակների, ապա նրանք պետք է՝
- լիազոր մարմնից՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, ստանան համապատասխան լիցենզիա։ Եթե նրանք ուղևորափոխադրումները կազմակերպելու են 1-ից 4 ավտոմոբիլներով, ապա տարեկան պետական տուրքը կկազմի 100 հազար դրամ (տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով), իսկ չորսից ավելի ավտոմոբիլներով աշխատելու դեպքում՝ կկազմի 200 հազար դրամ (տարեկան բազային տուրքի 00-ապատիկի չափով),
- վեբ տարբերակով միանան ՊԵԿ էլեկտրոնային համակարգին, գեներացնեն էլեկտրոնային ՀԴՄ կտրոն և պատվիրատուին տրամադրեն էլեկտրոնային ՀԴՄ կտրոն՝ յուրաքանչյուրն իր ՀՎՀՀ-ով,
- էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնեն իրենց գործունեության մասին հայտարարություն՝ մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ,
- պետական բյուջե վճարեն փոխադրման ընդհանուր արժեքից պետական տուրքը՝ մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ։
– Ի՞նչ պարտավորություն ունի այս դեպքում «տաքսի սերվիսում» աշխատող վարորդը
– Տաքսի ծառայություն մատուցող ընկերություններում, այսինքն «տաքսի սերվիսներում» աշխատող վարորդներն այս դեպքում անձնապես որևէ պարտավորություն չեն ունենում։
– Ինչպե՞ս է հաշվարկվում պետական տուրքը
– Տաքսի ծառայության մատուցման դիմաց պետբյուջե վճարվող պետական տուրքը հաշվարկվում է յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքից։ Պետական տուրքի դրույքաչափերը տարբեր են.
- կանխիկ դրամով վճարումների դեպքում պետական տուրքը սահմանվել է յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքի՝
2 տոկոսի չափով՝ 2024 թ․սեպտեմբերի 1-ից,
3․5 տոկոսի չափով՝ 2025 թ․ հունվարի 1-ից,
5 տոկոսի չափով՝ 2026 թ․ հունվարի 1-ից․
- անկանխիկ դրամով վճարումների դեպքում յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքի՝
1․5 տոկոսի չափով՝ 2024 թ․սեպտեմբերի 1-ից,
2․5 տոկոսի չափով՝ 2025 թ․ հունվարի 1-ից,
4 տոկոսի չափով՝ 2026 թ․ հունվարի 1-ից։
Օրինակ․ 1000 դրամ արժեքով պատվերի դեպքում պետական տուրքը 2024 թվականի սեպտեմբերի 1-ից կկազմի 20 դրամ, եթե պատվիրատուն վճարի կանխիկ (1000 դրամի 2 տոկոսի չափով), իսկ անկանխիկ վճարման դեպքում տուրքը կկազմի 15 դրամ (1000 դրամի 1.5 տոկոսի չափով)։ Այս օրինակով ինքնաշխատ հաշվարկվում է ամսվա ընթացքում կատարված բոլոր պատվերների պետական տուրքի հանրագումարը։
– Ե՞րբ պետք է ներկայացնել հայտարարությունը և վճարել պետական տուրքը
– Հայտարարությունը հարկային մարմին պետք է ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով՝ մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ։ Յուրաքանչյուր ամսվա համար պետական տուրքը ևս անհրաժեշտ է վճարել նույն ժամկետում:
Օրինակ. եթե Դուք սեպտեմբերի 1-ից որոշել եք մատուցել տաքսի ծառայություն, ապա հայտարարությունը հարկային մարմին պետք է ներկայացնեք մինչև հոկտեմբերի 10-ը ներառյալ և նույն ժամկետում վճարեք նաև պետական տուրքը։
– Պատասխանատվության ի՞նչ միջոցներ են կիրառվելու օրենքը չպահպանելու դեպքում
– Կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց կողմից սահմանված ժամկետում պետական տուրքի վճարումը չկատարելու դեպքում չվճարված գումարը ենթակա է բռնագանձման՝ ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0.075 տոկոսի չափով հաշվարկված տույժի հետ միասին։ Այն պետական բյուջե պետք է վճարել լիազորված մարմնի համապատասխան ակտի ամսաթվին հաջորդող 10 օրվա ընթացքում:
Հարկային մարմին հայտարարությունը չներկայացնելու, ինչպես նաև պետական տուրքի գումարը սահմանված չափից պակաս հաշվարկելու դեպքերում սահմանված է 500 հազար դրամի չափով տուգանք:
Ուղևորափոխադրումն առանց էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կամ դրա կիրառության կանոնների խախտմամբ իրականացնելու դեպքում սահմանված է տուգանք՝ յուրաքանչյուր դեպքի համար 200 հազար դրամի չափով:
– Ո՞վ պետք է վճարի օրենքի խախտման դեպքում տույժ-տուգանքները
– Այն դեպքում, երբ Դուք անհատ վարորդ եք, կազմակեպրություն կամ անհատ ձեռնարկատեր և տաքսի ծառայություն եք մատուցում` պատվերներ չստանալով GG, Yandex, Utaxi կամ նմանատիպ այլ հարթակներից, ապա օրենքի խախտման համար տույժ-տուգանքները վճարում եք Դուք։ Իսկ այն դեպքում, երբ տաքսի ծառայություն եք մատուցում` պատվերներ ստանալով GG, Yandex, Utaxi կամ նմանատիպ այլ հարթակներից, ապա սահմանված կանոնների խախտման համար պատասխանատու են էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող ընկերությունները։