Կարմրուկի, կապույտ հազի թվերի աճ ունենք, բայց դրանք կառավարելի հիվանդություններ են. ԱՆ պաշտոնյա
Հայաստանում տարեսկզբից մինչև օգոստոսի 20-ի դրությամբ գրանցվել է կարմրուկի 547 դեպք, դեպքերի աճ է նկատվում, սակայն այս հիվանդության դեմ պատվաստում չստացած անձանց թիվը նախորդ տարվա համեմատ 1.8 տոկոսով նվազել է: Այս մասին ասուլիսում ասաց Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը:
Նա հիշեցրեց, որ Հայաստանում դեռևս 2023 թվականի սկզբից սկսեցին արձանագրվել կարմրուկի դեպքեր: «Նախորդ տարվա համեմատ այս տարի ունենք հիվանդության մի փոքր աճ: Եթե նախորդ ամբողջ տարվա ընթացքում գրանցվել էր 554 դեպք, ապա այս տարի մինչև օգոստոսի 20-ն ընկած ժամանակահատվածի համար ունենք արդեն 547 դեպք»,-ասաց ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենը:
Աթոյանը վստահեցրեց, որ Առողջապահության նախարարությունը, ՀՎԿԱԿ-ն մեծ աշխատանք են տանում, որ հնարավորինս բարձրացնեն պատվաստման ցուցանիշները, քանի որ կարմրուկը կառավարելի հիվանդություն է: Եվ նրա դեմ ամենաարդյունավետ պայքարը ժամանակին համապատասխան պատվաստումներ իրականացնելն է:
«Իրականացված աշխատանքների շնորհիվ նախորդ տարվա համեմատ ունենք չպատվաստվածների մոտ 1.8 տոկոս իջեցում, այսինքն՝ ավելի շատ մարդ է պատվաստվում: Իսկ թերի պատվաստվածների թիվը 2.9 անգամ իջել է»,-ասաց Ստեփան Աթոյանը:
Նա հորդորեց ազգաբնակչությանը չխուսափել պատվաստումներից, քանի որ դա պայքարի միակ միջոցն է կառավարելի հիվանդությունների դեմ:
Վարակիչ հիվանդություններն ունեն համաճարակաբանական որոշակի օրինաչափություն: Կախված հիվանդությունից՝ 4-7 տարին մեկ նկատվում է հիվանդացության դեպքերի բարձրացում: Կարմրուկի դեպքերի նման բարձրացում եղել է 2017-2018 թթ:
Նույն սկզբունքով այս տարի դիտվում է նաև կապույտ հազի ակտիվացում: