«Հեզբոլլահ»-ը 135 հրթիռ է արձակել Իսրայելի հյուսիսի ուղղությամբ. Ynet News

Լիբանանի տարածքից առնվազն 135 հրթիռ է արձակվել Իսրայելի հյուսիսային շրջանների ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է իսրայելական Ynet News  լրատվական հարթակը։

Ըստ հրապարակման՝ օգոստոսի 21-ի առավոտից շիա «Հեզբոլլահ» շարժման զինյալների կողմից շուրջ 135 հրթիռ է արձակվել Իսրայելի հյուսիսային համայնքների ուղղությամբ։ Մի շարք բնակավայրերում օդային տագնապի ազդանշաններ են հնչել։

Ynet News-ն ավելի վաղ հայտնել էր, որ օգոստոսի 20-ին «Հեզբոլլահ»-ը շուրջ մեկ ժամում 40 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Երկու հրթիռները պայթել են Մաթաթ բնակավայրում։ Դրանցից մեկը հարվածել է տան, մյուսը պայթել է բաց տարածքում։

Գազայի հատվածում պատերազմը սկսվել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման հարձակումից հետո, որի հետևանքով Իսրայելում 1200 մարդ է զոհվել, շուրջ 250-ը՝ գերեվարվել։

Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 40 200-ի։

Այս ընթացքում լիբանանյան շիա «Հեզբոլլահ» շարժումը և իսրայելական ուժերը պարբերաբար հարվածներ են հասցնում միմյանց Իսրայելի հյուսիսային և Լիբանանի հարավային շրջաններում։

Տեսանյութեր

Լրահոս