Մոդին մտադիր է Զելենսկիի հետ քննարկել ուկրաինական հակամարտության կարգավորումը

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Լեհաստան և Ուկրաինա կատարելիք այցերի ընթացքում հանդիպումներ կունենա այդ պետությունների ղեկավարների հետ։ Նա նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ կքննարկի Ուկրաինայում ընթացող հակամարտության խաղաղ կարգավորման թեման։ Այս մասին Հնդկաստանի վարչապետը հայտնել է Վարշավա մեկնելուց առաջ։

«Իմ այցը Լեհաստան համընկնում է մեր դիվանագիտական ​​հարաբերությունների 70-ամյակի հետ: Լեհաստանն առանցքային տնտեսական գործընկեր է Կենտրոնական Եվրոպայում: Ժողովրդավարության և բազմակարծության նկատմամբ մեր համատեղ հավատարմությունն ավելի է ամրապնդում մեր հարաբերությունները: Ես անհամբեր սպասում եմ իմ բարեկամ վարչապետ Դոնալդ Տուսկի և  նախագահ Անջեյ Դուդայի հետ հանդիպմանը՝ մեր գործընկերության հետագա զարգացման համար»,- Մոդիի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Նարենդրա Մոդին նշել է, որ Լեհաստանից կմեկնի Ուկրաինա՝ Վոլոդիմիր Զելենսկիի հրավերով։

«Դա Հնդկաստանի վարչապետի առաջին այցն է Ուկրաինա, ես անհամբերությամբ եմ սպասում հնարավորությանը՝ շարունակելու նախագահ Զելենսկիի հետ նախորդ զրույցները երկկողմ համագործակցության ամրապնդման մասին և կարծիքներ փոխանակելու Ուկրաինայում շարունակվող հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ»,- նշել է Հնդկաստանի կառավարության ղեկավարը։

«Որպես բարեկամ և գործընկեր՝ մենք այդ տարածաշրջան խաղաղության և կայունության շուտափույթ վերադարձի հույս ունենք», – հավելել է վարչապետը։

Մոդին պաշտոնական այցով Լեհաստան կմեկնի օգոստոսի 21-ից 22-ը, այնուհետև օգոստոսի 23-ին կմեկնի Կիև:

Տեսանյութեր

Լրահոս