Բաժիններ՝

Մահացել է աշխարհի ամենատարեց կինը

Կատալոնիայում մահացել է 117-ամյա Մարիա Բրանյաս Մորերան, որը պաշտոնապես անցյալ տարվանից ճանաչվել է աշխարհի ամենատարեց կինը։

Իսպանացին «տիտղոսը» ստացել է 2023 թվականի հունվարին, երբ 118 տարեկան 340 օրականում մահացել է ֆրանսուհի Լյուսիլ Ռենդոնը։

117 տարեկան 168 օրականում կյանքից հեռացած Մարիա Բրանյաս Մորերայի մահվան մասին հայտնել են նրա հարազատները։ Նշվում է, որ կինը մահացել է «քնի մեջ՝ խաղաղ և առանց ցավի»։ Հայտնի է, որ վերջին 20 տարիներին նա ապրում էր տարեցների պանսիոնատում։

Հարազատների խոսքով՝ մի քանի օր առաջ նա ընտանիքին ասել է, որ շուտով կլքի աշխարհը. «Այլևս սուրճ չեմ խմելու, մածուն չեմ ուտելու… Ես կթողնեմ և՛ հիշողություններս, և՛ մտքերս…»։

Ըստ մամուլի՝ Մորերան ծնվել է 1907 թվականի մարտի 4-ին Սան Ֆրանցիսկոյում, որտեղ նրա հայրն աշխատել է որպես լրագրող։ 8 տարեկանում նա ընտանիքի հետ տեղափոխվել է Իսպանիա։

Այժմ աշխարհի ամենատարեց մարդը 116-ամյա ճապոնուհի Տոմիկո Իտոկան է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս