Լեհաստանի նախկին նախագահը դժգոհել է իր ցածր թոշակից
Լեհաստանի նախկին նախագահ Ալեքսանդր Կվասնևսկին (1995-2005 թթ.) դժգոհել է, որ իրեն չի բավարարում նախագահական թոշակը, և որ ինքը ստիպված է լրացուցիչ գումար վաստակել։ Այս մասին քաղաքական գործիչը հայտնել է gazeta.pl ինտերնետ-հարթակի հետ զրույցում։
«Այս պահին դա (խմբ.՝ նախագահական թոշակը) մոտ 12 հազար զլոտի է (մոտ 3117 դոլար), որից, անշուշտ, անհրաժեշտ է հարկեր վճարել: Դա այն գումարը չէ, որը բավարարում է, իսկ ես մեծ ընտանիք ունեմ: Ուստի պարզ է, որ անհրաժեշտ է լրացուցիչ գումար վաստակել», – զրույցից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Լեհաստանի նախկին ղեկավարը հավելել է, որ լրացուցիչ վաստակում է ոչ միայն ֆինանսական պատճառներով։ «Քանի դեռ մարդուն հրավիրում են, քանի դեռ նրան ցանկանում են լսել, ապա կարելի է ուրախանալ դրա համար. չէ՞ որ դա տալիս է զգացողություն, որ ես պետք եմ, որ դեռ կարող եմ ինչ-որ բան անել», – պարզաբանել է նա:
2024 թվականի հունվարին իր ֆինանսական դժվարություններից է գանգատվել Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Լեխ Վալեսան, որը Լեհաստանի նախագահի պաշտոնն զբաղեցրել է 1990-1995 թվականներին։
Նա հայտարարել է, որ գոհ չէ իր նախագահական թոշակի չափից, որը կազմում է ամսական 11-13 հազար զլոտի (մոտավորապես 2857-3376 դոլար)։
«Եթե ես գոհ լինեի, կգնայի սունկ հավաքելու կամ ձկնորսության, իսկ ես մինչ օրս աշխատում եմ, ուղևորությունների մեկնում աշխարհով մեկ», – ասել է Վալեսան: