
Սոցիալական ցանցերը երեխաների մոտ թերարժեքության զգացում են առաջացնում. հոգեբան

Հոգեբան Ժակլին Հալփերնն ասել է, որ երեխաների կողմից սոցիալական ցանցերի կիրառումը հանգեցնում է կազմվածքի և գեղեցկության անառողջ չափանիշների ձևավորման։ DailyMail-ին տված հարցազրույցում նա զգուշացրել է սոցիալական մեդիայի վտանգի մասին և ասել, որ այն նպաստում է դեռահասների մոտ սնվելու խանգարումների և թերարժեքության զգացումների առաջացմանը։
Հոգեբանը նշում է, որ սոցիալական ցանցերից հաճախակի օգտվող երեխաների մոտ նվազում է կյանքից և արտաքինից գոհունակությունը: Համացանցում կատարյալ կազմվածքով կանանց և տղամարդկանց լուսանկարները դեռահասներին անիրատեսական պատկերացումներ են տալիս գեղեցկության մասին, և նրանք կորցնում են իրենց դրական լույսի ներքո տեսնելու ունակությունը, ասել է Հալփերնը։
Հոգեբանը զգուշացնում է, որ սննդակարգի փոփոխությունները նիհարելու մոլուցքով տարված աղջիկների մոտ կարող են առաջացնել անորեքսիա: Հալփերնը ծնողներին խորհուրդ է տալիս ավելի ուշադիր լինել երեխայի նոր հոբբիների նկատմամբ և հիշեցնել, որ սոցիալական ցանցերն ունենում են բազմաթիվ դրական կողմեր՝ օրինակ՝ կարող են օգնել երեխաներին հոբբիներ գտնել և նոր ընկերներ ձեռք բերել: