Չինաստանն ու Ֆիլիպինները միմյանց մեղադրել են Հարավչինական ծովում նավերի բախման համար
Չինական և ֆիլիպինյան նավերը բախվել են Հարավչինական ծովում երկու պետությունների միջև վիճելի տարածքների շրջանում դիմակայության ժամանակ։ Ինչպես տեղեկացնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը, այս մասին հաղորդել է Չինաստանի առափնյա պահպանության ծառայությունը։
Ծառայության ներկայացուցիչ Գեն Յույը հայտնել է, որ ֆիլիպինյան նավը «դիտավորյալ բախվել է» չինական նավին այն բանից հետո, երբ «Ֆիլիպինների առափնյա պահպանության նավերն…. անօրինականորեն մտել են Նանշա կղզիների Սյանբին խութի մերձակա ջրեր՝ առանց Չինաստանի կառավարության թույլտվության»։
Դրան ի պատասխան, ներկայացուցչի խոսքով, «Չինաստանի առափնյա պահպանության ծառայությունն օրենքին համապատասխան միջոցներ է ձեռնարկել ֆիլիպինյան նավերի դեմ պայքարի ուղղությամբ»։ Գեն Յույը նաև կոչ է արել ֆիլիպինցիներին «անհապաղ դադարեցնել իրենց խախտումներն ու սադրանքները»։
Իր հերթին ֆիլիպինյան կողմը հայտարարել է, որ չինական նավերի հետ բախման հետևանքով վնասվածքներ են ստացել իր երկու նավերը։ Իսկ երկրի Անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Ջոնաթան Մալայան ասել է, որ իր երկրի գործողությունները՝ Հարավչինական ծովում «իրենց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ», սադրիչ չեն։Միջադեպը տեղի է ունեցել Հարավչինական ծովում գտնվող Թոմասի երկրորդ առափնյա ծանծաղուտում։
Այն գտնվում է ֆիլիպինյան Պալավան կղզուց մոտավորապես 200 կմ հեռավորության վրա, իսկ չինական Հայնան կղզուց ավելի քան 1000 կմ հեռավորության վրա և վիճելի տարածք է։ Այս շրջանով են անցնում Չինաստանի և Հնդկական օվկիանոսի միջև կարևոր առևտրական ուղիները. այստեղ նաև գտնվում են օգտակար հանածոների հանքավայրեր։