Yandex Go-ն օգտատերերին կփոխհատուցի ուղևորությունների արժեքը` ապրիլի 24-ի ակցիայի շրջանակներում. ՄՊՀ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն օգտատերերից ստացել է հարցումներ՝ 2024 թվականի ապրիլի 24-ին Երևանում Yandex Go-ի իրականացրած ակցիայի վերաբերյալ։ Այս մասին հայտնում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից:
Համաձայն հայտարարված պայմանների՝ «Ստարտ» սակագնով բոլոր ուղևորությունները, որոնց վերջնակետը հանդիսանում էր Ծիծեռնակաբերդի բարձունքը, պետք է արժենային խորհրդանշական 1 դրամ, իսկ վարորդները ստանային դրա արժեքի ամբողջական փոխհատուցում։
Այնուամենայնիվ, որոշ դեպքերում, օգտատերերից գանձվել է ուղևորության ամբողջ արժեքը:
Օրինակ՝ վճարովի սպասելավարձի, տարբեր պատճառներով ուղևորությունը փաստացի նշված վերջնակետից մեծ հեռավորության վրա ավարտելու կամ որոշ վարորդների կողմից ուղևորության ամբողջական գումարը գանձելու պատճառներով: ՄՊՀ-ն ուսումնասիրել է բարձրացված հարցերը, կապ է հաստատել Yandex Go ծառայության հետ:
Ծառայությունը քննություն է իրականացրել և պատրաստակամություն է հայտնել փոխհատուցել օգտատերերին նման ուղևորությունների արժեքը և նախատեսում է առաջիկայում նման փոխհատուցում իրականացնել։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը նշում է, որ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունք ուղևորություններ կատարած օգտատերերը, որոնց երթի արժեքը կազմել է 1 դրամից ավել, կարող են դիմել Yandex Go-ի սպասարկման ծառայություն` փոխհատուցում ստանալու հնարավորությունը պարզելու համար։