ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մշակույթի կենտրոնում նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանին նվիրված միջոցառում է կազմակերպվել
ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնի հայագիտության ամբիոնում կազմակերպվել է հիշատակի երեկո՝ նվիրված հայ անվանի նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանին։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել հայագիտության ամբիոնի վարիչ Աիդա Մարանջյանը, իսկ նկարչի կյանքն ու ստեղծագործական ուղու շրջափուլերի վերլուծությունը ներկայացրել է արվեստագիտության թեկնածու, ԵՊՀ պատմության և արվեստի ամբիոնի դասախոս Հռիփսիմե Վարդանյանը։
Բանախոսն անդրադարձել է կտավների ժանրային առանձնահատկություններին, խոսել Ռուդոլֆ Խաչատրյանի ուրույն ձեռագրի մասին։
«Ռուդոլֆ Խաչատրյանն, իրավամբ, մեծ նկարիչ է՝ չնայած, որ նրա թողած ժառանգության մասին շատ քիչ է խոսվում։ Նա գեղանկարիչ, քանդակագործ Երվանդ Քոչարի աշակերտն է, և նրանց մտերմությունն իրապես մեծ ազդեցություն է ունեցել Խաչատրյանի ստեղծագործական աշխարհի ձևավորման գործում։
Գծի վարպետությունն ու պոետիկան նրա կտավներում կատարելության են հասցված։ Հենց այդ առանձնահատկությունները գնահատելով է, որ Տարկովսկին նրան «գրաֆիկայի վարպետ» է կոչել»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հռիփսիմե Վարդանյանը։Երեկոյի ընթացքում հնչել են երաժշտական կատարումներ։