Բաժիններ՝

Հայաստանը կունենա 5G լայնաշերտ ցանցի հասանելիություն․ ԲՏԱ-ն մրցույթ կհայտարարի

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը Հայաստանում 5G լայնաշերտ ցանցի ներդրման նպատակով ազատականացրել է 3600-3800 ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթն՝ այն մրցույթային կարգով շարժական կապի օպերատորներին տրամադրելու համար։ «Արմենպրես»-ի՝ Հայաստանում 5G տեխնոլոգիական լայնաշերտ ցանցի ներդրման վերաբերյալ հարցին ի պատասխան այս մասին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։

«Որպես տեխնոլոգիական առաջընթացի կարևոր գործիք՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կարևորում է 5G տեխնոլոգիական լայնաշերտ ցանցի ներդրումը Հայաստանի Հանրապետությունում։ Նախարարության կողմից 3600-3800 ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթն ազատականացվել է՝ այն առևտրային նպատակներով տրամադրելու համար:

Ռադիոհաճախականությունների տիրույթի ազատականացումից հետո ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ քննարկումից հետո, իրականացնում է նշյալ ռադիոհաճախականությունների տիրույթից հատվածների տրամադրման մրցութային փաթեթի և պայմանների, ինչպես նաև հանրային շարժական 5G տեխնոլոգիայի լայնաշերտ կապի որակի չափանիշների մշակման գործընթացը։

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից մրցույթը հայտարարելուց հետո, եթե ՀՀ շարժական կապի օպերատորները մասնակցեն մրցույթին և ռադիոհաճախականությունների տիրույթից հատվածներ ձեռք բերեն, իրականացնեն մրցույթային փաթեթի պայմաններով սահմանված ժամկետներում և վայրերում 5G տեխնոլոգիական լայնաշերտ ցանցի ներդրման և շահագործման աշխատանքներ. այս պարագայում Հայաստանը կունենա 5G տեխնոլոգիական լայնաշերտ ցանցի հասանելիություն»,- ասացին ԲՏԱ նախարարությունից։

Գերատեսչությունից տեղեկացրին, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ՀՀ շարժական կապի օպերատորների հետ կազմակերպել է առանձին հանդիպումներ, որի ընթացքում քննարկվել են 5G տեխնոլոգիայի ցանցերի ներդրմանն առնչվող հարցեր, այդ թվում՝ վերջիններիս պատրաստակամությունն ու հետաքրքրվածությունը մրցույթին մասնակցելու և վերոնշյալ աշխատանքներն իրականացնելու համար։2024 թվականի օգոստոսի 8-ին ուժի մեջ է մտել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի թիվ 71Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրամանը, ըստ որի՝ փոփոխություններ է կատարվել ՀՀ հաճախականությունների բաշխումների աղյուսակում և առանձնացվել 3600-3800 ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթը շարժական կապի ծառայությունների համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս