
Շվեդիայում, Պակիստանում և Ավստրալիայում «Կապիկի ծաղիկ»-ի դեպքեր են գրանցվել

Աշխարհի մի քանի երկրներում հայտնաբերվել են mpox (կապիկի ծաղիկ) վիրուսի դեպքեր այն բանից հետո, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վիրուսի նոր բռնկումը հայտարարեց «արտակարգ իրավիճակ առողջապահության բնագավառում, որը միջազգային նշանակություն ունի»:
Reuters-ը հաղորդում է, որ Պակիստանի առողջապահության նախարարությունը հաստատել է mpox վիրուսի առնվազն մեկ դեպք Պարսից ծոցի երկրներից մեկից վերադարձած մարդու մոտ։ Իսկ նահանգային իշխանությունները հայտնել են վիրուսի երեք դեպքի մասին։
Վիրուսի նոր ձևը-ը՝ Clade I-ը, որն ավելի արագ է տարածվում սովորական սերտ շփման միջոցով, աշխարհում մտահոգության առիթ է դարձել։
Օգոստոսի 15-ին Շվեդիայի հանրային առողջության գործակալությունը հայտարարել էր Աֆրիկայից դուրս վիրուսի Clade I տեսակի առաջին դեպքի հայտնաբերման մասին։ Բուժառուն վիրուսով վարակվել է Աֆրիկա ուղևորության ժամանակ։Իսկ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի առողջապահության նախարարությունը հայտարարել է mpox-ով հիվանդների թվի կտրուկ աճի մասին։ Վերջին երկու ամիսներին տարածաշրջանում հայտնաբերվել է վարակման 93 նոր դեպք։
Մինչդեռ այս տարվա առաջին հինգ ամիսներին գրանցվել է հիվանդության միայն մեկ դեպք։ Առողջության պահպանման վարչության տնօրեն Ջերեմի Մաքանալթին հայտնել է, որ Ավստրալիայում հայտնաբերված շտամը տարբերվում է Աֆրիկայում հայտնաբերվածից։
Չինաստանն իր հերթին հայտարարել է, որ առաջիկա վեց ամիսներին կստուգի երկիր մտնող մարդկանց և ապրանքները, որպեսզի հայտնաբերի վիրուսի հնարավոր առկայությունը։