Հաստատվել է դպրոցական բաժանորդային ծրագրում ներառված մշակութային հաստատությունների ցանկը
Ուսումնական տարվա մեկնարկով պայմանավորված՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են դպրոցական բաժանորդային ծրագրին միացած թանգարանների, թատրոնների և համերգային կազմակերպությունների ցանկը, ինչպես նաև ծրագրի նոր ընթացակարգը:
Դպրոցական բաժանորդային ծրագրի նպատակն է ապահովել դպրոցականների հաղորդակցության առաջնային իրավունքը՝ ստեղծելով նպաստավոր պայմաններ մշակույթի հասանելիության և մատչելիության համար, նպաստել հանրակրթության պետական չափորոշչով սահմանված արժեհամակարգի և աշխարհայացքի ձևավորմանը:
ՀՀ պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտները յուրաքանչյուր շրջափուլի ընթացքում հնարավորություն ունեն այցելելու 2 մշակութային կազմակերպություն՝ մեկ թանգարան, մեկ թատրոն կամ համերգասրահ: Բաժանորդային ծրագրի տոմսը բաղկացած է 2 բաժնից՝ թանգարան, թատրոն կամ համերգային կազմակերպություն, որի յուրաքանչյուր հատվածի հետնամասում պարտադիր է դպրոցի կնիքի առկայությունը:
Դպրոցական ուսումնական ծրագրին համապատասխան՝ ըստ դասավանդվող առարկայի ուսուցիչը կազմակերպում է աշակերտների այցը թանգարան, թատրոն կամ համերգային կազմակերպություն: Կարգով սահմանված է, որ ուսուցիչը հանրակրթության պետական չափորոշչի շրջանակում ընտրված առարկայի կամ մի քանի առարկաների ուսումնական ծրագրով պարտավոր է կազմակերպել թեմատիկ դաս մշակութային հաստատությունում: Թանգարանում թեմատիկ դասի ամփոփումն իրականացվում է կրթական ծրագրի կամ թեմատիկ շրջայցի միջոցով, իսկ թատրոններում՝ ներկայացումների, համերգային կազմակերպություններում՝ համերգային միջոցառումների միջոցով:
Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ուսուցիչները հնարավորություն ունեն ծանոթանալու թանգարանների կրթական ծրագրերին և շրջայցերին, թատրոնների խաղացանկերին և համերգային կազմակերպությունների միջոցառումներին՝ եռամսյակային կտրվածքով:
Հետագայում համակարգն ապահովելու է նաև ծրագրի շահառուների՝ թանգարան, թատրոն կամ համերգային կազմակերպություն մուտքի տոմսերի էլեկտրոնային ամրագրումը:
Այսպիսով՝ ՀՀ հանրակրթական դպրոցներում սովորող շուրջ 440 հազար աշակերտներ՝ անկախ սոցիալական կարգավիճակից, բնակության վայրից և մշակութային հաստատության հասանելիությունից, կարող են մասնակցել իրենց համայնքի կամ ՀՀ ցանկացած այլ բնակավայրի մշակութային միջոցառմանը:
Աշակերտների տրանսպորտային ծախսերի փոխհատուցումն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված փոխհատուցման կարգով: Աշակերտների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման համար անհրաժեշտ է նախարարության հետ նախապես համաձայնեցնել այցի ծրագիրը:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ