
Ճապոնիայում թայֆունի պատճառով ավելի քան 850 ավիաչվերթ է չեղարկվել

«Ամպիլ» թայֆունի մոտենալու պատճառով Ճապոնիայում չեղարկված ավիաչվերթերի թիվը հասել է 853-ի։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին են վկայում տեղական ավիաընկերությունների կայքերում հրապարակված տվյալները։
Երկրի խոշորագույն փոխադրողներ JAL-ը և ANA-ն չեղարկել են շուրջ 650 չվերթ, որոնք հիմնականում մեկնում են Տոկիոյի Հանեդա և Նարիտա օդանավակայաններից կամ ժամանում այդ օդանավակայաններ։ Եվս 200 չեղարկված չվերթեր բաժին են ընկնում բյուջետային ավիաընկերություններին, ինչպիսիք են Jetstar Japan-ը, Peach Aviation-ը և այլ ավիաընկերություններ:
Ըստ NHK հեռուստաալիքի տվյալների՝ նաև դադարեցված է կամ կրճատված գնացքների երթևեկությունը մի քանի գծերում, որոնք անցնում են Տոկիոյի հարևան Տիբայի և Կանագավայի պրեֆեկտուրաների ափամերձ շրջաններով: Որոշ երթուղիներում չեն գործի նաև «Սինկանսեն» արագընթաց գնացքները։Բացի այդ, հաղորդվել է մայրաքաղաքի տարածաշրջանում ճանապարհների փակման և Տոկիոյի ծովածոցում լաստանավերի ծառայությունների չեղարկման մասին:
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ թայֆունը Ճապոնիայի մայրաքաղաքային շրջանին կհարվածի օգոստոսի 16-ին։
Թայֆունին տրված է «շատ ուժգին» կարգավիճակ։ Մարդկանց հորդորում են առանց անհրաժեշտության տնից դուրս չգալ և հետևել տեղական իշխանությունների հաձնարարականներին շտապ տարհանման դեպքում։
Առաջիկա օրը Ճապոնիայի արևելքում և հյուսիս-արևելքում կարող են լինել 200 մմ-ից մինչև 300 մմ տեղումներ:
Ազգային օդերևութաբանական վարչությունը նախազգուշացնում է լեռնային շրջաններում սողանքների վտանգի մասին: