Երևանում մորը սպանած տղան հայտնաբերվել և ձերբակալվել է. ՆԳՆ
Երևանում 65-ամյա մորը դաժանաբար սպանած տղան հայտնաբերվել և ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ երեկ Բագրատունյաց փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 65-ամյա կնոջ դի՝ պարանոցի շրջանում կտրած վնասվածքով։
Պարզվել է, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը նրա 25-ամյա որդին է: ՀՀ քննչական կոմիտեն ավելի ուշ հայտնեց, որ սպանության գործով առգրավվել է հանցանքի վայր հանդիսացող շենքի մուտքը տեսանկարահանող սարքի հիշողության կրիչը:
Իրավապահները պարզել են, որ որդին օգոստոսի 15–ին` ժամը 8.55-ին, սուր կտրող-ծակող գործիքով սպանել է մորը` Գայանե Կ.-ին, ու դիմել փախուստի:
«Ձեռնարկած օպերատիվ–հետախուզական միջոցառումների շնորհիվ 25–ամյա երիտասարդը ժամը 21.45-ին Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել, սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժին»,- ասված է ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության մեջ:
25-ամյա տղան և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին, հանգամանքները պարզվում են: