«Հեզբոլլահ»-ը հարված չի հասցնի Իսրայելին Գազայի շուրջ բանակցությունների ընթացքում. աղբյուրներ
Շիաների «Հեզբոլլահ» շարժումը մտադիր չէ հարված հասցնել Իսրայելին Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունների ժամանակ։ Այս մասին հաղորդել է The Washington Post (WP) թերթը՝ վկայակոչելով «Հեզբոլլահ»-ին մոտ կանգնած անանուն աղբյուրի։
«Մենք կարող ենք ասել, որ «Հեզբոլլահ»-ը չի սկսի հատուցման իր գործողությունը, քանի դեռ Կատարում ընթանում են բանակցությունները, որովհետև շարժումը չի ցանկանում պատասխանատվություն կրել խորհրդակցությունների կամ հնարավոր գործարքի խափանման համար», – հայտնել է նա պարբերականի հետ զրույցի ժամանակ:
Ըստ աղբյուրի՝ Բեյրութում իսրայելական հարվածից «Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքրի սպանության պատասխանը «հրատապ բնույթ չի կրում և ժամանակային սահմանափակումներ չունի»։
Օգոստոսի 15-ին Դոհայում ԱՄՆ-ի, Կատարի և Եգիպտոսի միջնորդությամբ սկսվել է բանակցությունների նոր փուլը, որի նպատակն է Գազայի հատվածում հրադադարի հաստատումը և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման կողմից պահվող պատանդների ազատ արձակումը:
Իսրայելը պատվիրակություն է ուղարկել Դոհա, ՀԱՄԱՍ-ը՝ ոչ։ Տարածաշրջանում էսկալացիայի հերթական փուլը հաջորդել է Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանությանը, որի մեջ Իրանը մեղադրում է Իսրայելին, ինչպես նաև Բեյրութում Իսրայելի կողմից Ֆուադ Շուքրի սպանությանը։ Իրանը, ՀԱՄԱՍ-ը և «Հեզբոլլահ»-ը խոստացել են վրեժ լուծել Իսրայելից։