Կատարն Իրանին հայտնել է, որ ցանկալի չէ Գազայի շուրջ բանակցությունների ժամանակ հարված հասցնել Իսրայելին
Կատարի վարչապետ և արտգործնախարար շեյխ Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանին Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանիի հետ օգոստոսի 15-ին կայացած հեռախոսազրույցում ընդգծել է տարածաշրջանում հանգստության և լարվածության թուլացման անհրաժեշտությունը: Այս մասին հաղորդում է Կատարի արտգործնախարարությունը։
«Զրույցը վերաբերել է Գազայի հատվածում և Պաղեստինի օկուպացված տարածքներում վերջին իրադարձություններին, Գազայի հատվածում պատերազմի դադարեցմանն ուղղված համատեղ միջնորդական ջանքերին և Մերձավոր Արևելքում պահպանվող լարվածությանը, ընդգծվել է տարածաշրջանում հանգստության և ապաէսկալացման անհրաժեշտությունը», – ասվում է հաղորդագրության մեջ։
Միևնույն ժամանակ, The Times of Israel-ը, վկայակոչելով Ynet լրատվական հարթակի տեղեկատվությունը, հաղորդել է, որ Ալ Թանին զրուցակցին հայտնել է, որ «հարկավոր է լավ մտածել` «արդյոք ձեզ կամ «Հեզբոլլահ»-ի համար նպատակահարմար է Իսրայելի վրա հարձակվել հենց հիմա, երբ նման առաջընթաց է դիտվում»։
Հրապարակման մեջ նշվում է, որ «հեռախոսազանգը, ըստ երևույթին, ազդեցություն է ունեցել, քանի որ միջնորդ երկրներից մեկի պաշտոնական ներկայացուցիչներն իմացել են, որ «Հեզբոլլահ»-ը ներկայում հետաձգել է Իսրայելի վրա հարձակման վերաբերյալ նախկին որոշման կատարումը»:
Օգոստոսի 15-ին Դոհայում ԱՄՆ-ի, Կատարի և Եգիպտոսի միջնորդությամբ սկսվել է բանակցությունների նոր փուլը, որի նպատակն է Գազայի հատվածում հրադադարի հաստատումը և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման կողմից պահվող պատանդների ազատ արձակումը: Իսրայելը պատվիրակություն է ուղարկել Դոհա, ՀԱՄԱՍ-ը՝ ոչ։ Բանակցությունները կշարունակվեն նաև օգոստոսի 16-ին: Սպիտակ տան խորհրդական Ջոն Քիրբին օգոստոսի 15-ին լրագրողներին հայտնել է, որ բանակցությունները «խոստումնալից մեկնարկ են ունեցել», բայց առջևում շատ աշխատանք կա: