Երևանի արհեստագործական ուսումնարանի տնօրենը չարաշահել է լիազորությունները. ՔԿ-ն պարզել է մանրամասները
ՀՀ ՔԿ-ն պարզել է «Երևանի թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու դեպքի հանգամանքները։ Այդ մասին տեղեկացնում է քննչական կոմիտեն:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ հիշյալ ՊՈԱԿ–ի տնօրենը, հանդիսանալով պաշտոնատար անձ, մշտապես իրականացնելով կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անձնական շահագրգռվածությունից ելնելով, շահավետ պայմաններում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելուն նպաստելու նպատակով՝ 2020 թվականի մարտի 23-ին ձևական հուշագիր է ստորագրել իր հետ ընկերական հարաբերությունների մեջ գտնվող անձի հետ՝ ՊՈԱԿ-ի տարածքից 265.2 քմ տարածք վարձակալությամբ տալու վերաբերյալ։
Արդյունքում, 2020 թվականի մարտի 23-ից մինչև 2021 թվականի մարտի 23-ն ընկած ժամանակահատվածում, ՊՈԱԿ-ի հիշյալ տարածքը ձեռնարկատիրական գործունեության՝ կահույքի արտադրության համար, փաստացի անհատույց հանձնվել է Ա/Ձ-ի տնօրինմանը, և վերոնշյալ անձը, առանց ՊՈԱԿ-ի բյուջե վարձավճար մուծելու, իրականացրել է ձեռնարկատիրական գործունեություն։
Հիշյալ գործողությունների արդյունքում պետությունը զրկվել է ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված գույքը ամսական 360.000 ՀՀ դրամ վարձավճարով վարձակալությամբ հանձնելու և ըստ նպատակային նշանակության օգտագործելու հնարավորությունից, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 4.320.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ «Երևանի թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոցներ են ընտրվել բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: