Չի դիմացել ամուսնու նվաստացումներին… ինչ է տեղի ունեցել Գեղարքունիքում

Գեղարքունիքի մարզում 36-ամյա Աստղիկ Խ.-ի մահվան դեպքով մեղադրանք է ներկայացվել ամուսնուն՝ կնոջը ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և ինքնասպանության հասցնելու համար։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Օգոստոսի 13-ին գրել էինք, որ Վարդենիս համայնքի գյուղերից մեկի տներից մեկում հայտնաբերվել է 36-ամյա Աստղիկ Խ.-ի դին՝ գլխի մասում հրազենային վնասվածքով։ Դիակի մոտ հայտնաբերվել էր «Մակարով» տեսակի ատրճանակ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ կինը նշված զենքով ինքնասպան էր եղել։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով և 335-րդ հոդվածի (հրազենի ապօրինի շրջանառությունը) 1-ին մասով։

Իրավապահները պարզել են, որ համատեղ կյանքի ընթացքում ամուսինն արգելել է կնոջը շփվել հարազատների հետ, ֆիզիկական ուժ է գործադրել նրա նկատմամբ, սպառնացել իրավապահ մարմիններին դիմելու դեպքում ծեծի ենթարկել։ Այս ամենը կնոջ մոտ առաջացրել է անլիարժեքության, վախի և տագնապի զգացում` պատճառելով հոգեկան ուժեղ տառապանք։ Ամուսինը տարբեր առիթներով պարբերաբար վիրավորանքներ է հասցրել կնոջը: Կինը, չհամակերպվելով իր նկատմամբ ցուցաբերած անարդար վերաբերմունքին, չհանդուրժելով արժանապատվության նվաստացումները, այլ ելք չգտնելով՝ օգոստոսի 13-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, իրենց տանը կրակել է իր գլխին «Մակարով» տեսակի ատրճանակից:

Տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 8-րդ կետով և 162-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 2-րդ մասի 3-րդ կետով:

Ամուսնու ձերբակալման մասին որոշում է կայացվել։

Տեսանյութեր

Լրահոս