ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Երևանում 65-ամյա կնոջ սպանության դեպքից
Oգոստոսի 15-ին՝ ժամը 09:50-ին, Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 65-ամյա կնոջ դի՝ պարանոցի շրջանում կտրած վնասվածքով։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն՝ մանրամասներ հայտնելով դեպքի վերաբերյալ:
Դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել են սուր կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներ, ինչպես նաև՝ պարանոցի կտրված վերք։ Տուժածի մարմնական վնասվածքների բնույթը, ստացման մեխանիզմը պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Քննիչների կողմից իրականացված գործողությունների արդյունքում, նախնական տվյալներով, պարզվել է, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հանդիսանում է 65-ամյա կնոջ 25-ամյա որդին:
Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, 25-ամյա երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: