ԱՄՆ և ՌԴ քաղաքացի հանդիսացող կինը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման
ՌԴ Սվերդլովի շրջանային դատարանը Ռուսաստանի և ԱՄՆ-ի քաղաքացի Քսենիա Հավանային (Կարելինա) մեղավոր է ճանաչել պետական դավաճանության մեջ՝ ուկրաինական բարեգործական հիմնադրամին 51,8 դոլար նվիրաբերելու համար։ Գործի քննությունն անցել է դռնփակ։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
Քսենիա Հավանան դատապարտվել է 12 տարվա ազատազրկման և պատիժը կկրի ընդհանուր ռեժիմի գաղութում, որին կհաջորդի ազատության սահմանափակում 1 տարի 6 ամիս ժամկետով և 300 000 ռուբլի տուգանք։ Նշվում է, որ դատական լսումների ժամանակ ամբաստանյալը լիովին ընդունել է իր մեղքը։
Դատավճիռն ուժի մեջ կմտնի 15 օրից, եթե կողմերն այն չբողոքարկեն։
Ըստ ՌԴ գլխավոր դատախազության՝ դատարանում արձանագրվել է, որ Քսենիա Հավանան, որի ազգանունը մինչև ամուսնությունը Կարելինա էր, «2022 թվականի փետրվարից ֆինանսական օգնություն է տրամադրել Ուկրաինայի զինված ուժերի ներկայացուցիչներին այնպիսի գործունեության համար, որն ուղղված է եղել Ռուսաստանի Դաշնության անվտանգության դեմ։
«Մասնավորապես, նա միջոցներ է հավաքել և փոխանցել ուկրաինա-ամերիկյան կազմակերպությանը, որոնք օգտագործվել են Ուկրաինայի զինված ուժերի համար սարքավորումներ, զենք և զինամթերք, մարտավարական բժշկական պարագաներ ձեռք բերելու համար», – նշել են գերատեսչությունում։
Լոս Անջելեսի 33-ամյա բնակչուհուն ձերբակալել են Եկատերինբուրգում ուկրաինացի զինվորներիի համար միջոցներ հավաքելու և փոխանցելու մեղադրանքով։
Նրա հանդեպ գործ է հարուցվել պետական դավաճանության հոդվածով։ Մարդու իրավունքների «Առաջին բաժին» նախագիծը (գրանցված է Ռուսաստանի «օտարերկրյա գործակալների» գրանցամատյանում), որը մասնագիտացած է պետական դավաճանության մասին գործերով, իր աղբյուրներին հղումով գրել է, որ գործի հարուցման պատճառը Հավանայի կողմից կատարված միակ փոխանցումն է եղել, որը նա կատարել է Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողությունների մեկնարկի առաջին օրը։
Կինն, ըստ իրավապաշտպանների, 51,8 դոլար է փոխանցել ԱՄՆ-ում ստեղծված «Ռազոմ Ուկրաինայի համար» մարդասիրական օգնության հիմնադրամին։