Իսրայելում հերքել են լուրերը, որ Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Գազայում հրադադարի շուրջ բանակցությունները
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հերքել է տեղեկություններն այն մասին, որ վարչապետը ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հետ քննարկել է Գազայի հատվածում հրադադարի գործարք կնքելու հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
«Հակառակ հրապարակումների՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեկ չի խոսել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ», – ասվում է մամուլի ծառայության հայտարարության մեջ։
Ավելի վաղ Axios լրատվական հարթակը, վկայակոչելով աղբյուրների, հայտնել էր, որ Թրամփն օգոստոսի 14-ին Նեթանյահուի հետ քննարկել է Գազայի հատվածում հրադադարի և պատանդների փոխանակման շուրջ գործարք կնքելու հնարավորությունը։
Օգոստոսի 15-ին ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի միջնորդությամբ Դոհայում բանակցություններ են ընթանում Գազայի հատվածում հրադադարի շուրջ։ Իսրայելը պատվիրակություն է ուղարկել Դոհա, իսկ ՀԱՄԱՍ-ը՝ ոչ։