Նիգերում հեղեղումերն ավելի քան 50 մարդու կյանք են խլել
Նիգերում վերջին երկու օրվա ընթացքում առնվազն 52 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով։ ActuNiger լրատվական հարթակը հաղորդում է, որ տարերային աղետն ընդգրկել է երկրի արևմտյան շրջանները, որտեղ հորդառատ անձրևներ են տեղացել։
Ըստ հարթակի տեղեկատվության՝ սկսվել են փրկարարական աշխատանքներ, զոհերի թիվը ճշտվում է։ Տիլլիայի շրջանում մայրուղու ողողման հետևանքով խեղդվել են երկու ավտոբուսների ուղևորները: Նաև անհետ կորել են այլ մարդիկ, որոնք նույն ճանապարհով գնում էին ամեն շաբաթ գործող շուկա։
Նրանց բոլորին քշել-տարել է վարարած գետերի ուժգին հոսանքը։ Ողջ մնացածների և զոհերի որոնման համար ուղարկվել են պաշտպանության և անվտանգության ուժերի, մասնավորապես՝ ժանդարմերիայի և ազգային գվարդիայի ջոկատներ։ Աշխատանքները բարդանում են դժվարամատչելի տեղանքի պատճառով։
Աղետից տուժած շրջաններում ողողվել են ճանապարհներ, ոչնչացել գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածություններ։Երկու շաբաթ առաջ Նիգերում սկսված անձրևների սեզոնի ընթացքում արդեն առնվազն 94 մարդ է զոհվել, 93-ը վնասվածքներ է ստացել։ Ընդհանուր առմամբ, տուժել է ավելի քան 137 000 մարդ։
Վերջին օրերին հեղեղումները, բացի Նիգերից, ընդգրկել են Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայի ևս քանի երկրներ, այդ թվում՝ Գվինեան, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Կոտ դ’Իվուարը, Լիբերիան, Մալին, Նիգերիան, Տոգոն, Չադը: ՄԱԿ-ի տվյալներով՝ ընդհանուր առմամբ տուժել է ավելի քան 700 000 մարդ: