
Հարավային Կորեայի նախագահը Փհենյանին երկխոսության առաջարկ է արել

Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլը ԿԺԴՀ-ին առաջարկել է պաշտոնական երկխոսություն սկսել՝ ստեղծելով միջկորեական աշխատանքային խումբ: Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը:
«Մենք վերջապես լիարժեք ազատագրում կունենանք, երբ ամբողջ Կորեական թերակղզում հաստատվի ժողովրդի օրինական սեփականությունը հանդիսացող ազատ և դեմոկրատական պետություն»,- ասել է Յուն Սոկ Յոլը Կորեայի ճապոնական գաղութացման ավարտի 79-ամյակի կապակցությամբ։
Յուն Սոկ Յոլն առաջադրել է միավորման համար երեք հիմնական խնդիր՝ Հարավային Կորեայում պաշտպանել ազատությունը կեղծ լուրերից և այլ ապակայունացնող տարրերից, փոփոխություններ կատարել Հյուսիսային Կորեայում՝ մարդու իրավունքների բարելավման և արտաքին տեղեկատվության միջոցով, և ամրապնդել համագործակցությունը միջազգային հանրության հետ:Հարավային Կորեայի նախագահը նաև առաջարկել է, որ երկու Կորեաները ստեղծեն միջկորեական աշխատանքային խումբ։
«Այդ մարմինը կարող է զբաղվել ցանկացած հարցով՝ լարվածության թուլացումից մինչև տնտեսական համագործակցություն, անձանց միջև և մշակութային փոխանակումներով, ինչպես նաև բնական աղետներին և կլիմայի փոփոխությանն արձագանքով», – ասել է նա:
Հարավային Կորեայի նախագահը հաստատել է Հյուսիսային Կորեային լայնածավալ օգնություն տրամադրելու իր հանձնառությունը՝ ապամիջուկայնացմանն ուղղված քայլերի դիմաց։
«Մենք քաղաքական ու տնտեսական համագործակցությունը կսկսենք այն պահին, երբ Հյուսիսային Կորեան գոնե մեկ քայլ անի դեպի ապամիջուկայնացում», – ասել է նա։Յուն Սոկ Յոլը ԿԺԴՀ-ին կոչ է արել արձագանքել իր առաջարկին՝ նշելով, որ երկխոսությունը և համագործակցությունը կարող են զգալի առաջընթացի հանգեցնել միջկորեական հարաբերություններում։