«Միր» վճարային համակարգը Իրանում կսկսի գործել 6 ամսվա ընթացքում․ ՌԴ-ում ԻԻՀ դեսպան

Ռուսաստանում Իրանի դեսպանը հայտնել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում «Միր» վճարային համակարգը կսկսի գործել կես տարվա ընթացքում։ Այս մասին դեսպան Քազեմ Ջալալին հայտնել է ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում։

Դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը հավելել է, որ իրանական Shetab համակարգն էլ կաշխատի ՌԴ-ի տարածքում։
«Վեց ամսվա ընթացքում էլ ռուսական «Միր» համակարգը կաշխատի Իրանի տարածքում»,- ասել է նա։

Ջալալին գործակալությանը հայտնել է նաև, որ ռուս-իրանական համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի նախագիծը նախագահների քննարկման փուլում է և կստորագրվի մոտ ապագայում:

Ավելի վաղ՝ հուլիսի 6-ին, Իրանի կենտրոնական բանկի ղեկավար Մոհամմադ Ռեզա Ֆարզինը հայտնել էր, որ Ռուսաստանն ու Իրանն ավարտել են «Միր» և «Shetab» համակարգերի ինտեգրումը: Բացի այդ, երկու երկրների ԿԲ ղեկավարները համաձայնագիր են ստորագրել ազգային արժույթների իրացվելիության մասին՝ երկկողմ առևտուրը հեշտացնելու համար։

Ապրիլի վերջին Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին հայտնել էր, որ Իրանում ռուսական «Միր» քարտերի ընդունման նախագիծը մտել է իրականացման փուլ: Միևնույն ժամանակ, Ռուսաստանում Իրանի դեսպանատան առևտրային կցորդ Ռահիմի Մոհսենը «Իզվեստիային» ասել էր, որ Իրանի իշխանությունները պատրաստվում են «Միր» քարտերի գործարկման փորձնական նախագծի մեկնարկին:

Տեսանյութեր

Լրահոս