Մեքսիկայում հաստատել են Շեյնբաումի հաղթանակը նախագահական ընտրություններում
Մեքսիկայի Ընտրական դատարանը միաձայն հաստատել է Կլաուդիա Շեյնբաումի հաղթանակը հունիսի 2-ին կայացած նախագահական ընտրություններում: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Թեկնածու Կլաուդիա Շեյնբաում Պարդոն, որն առաջադրվել է «Շարունակենք պատմություն կերտել» կոալիցիայի կողմից, նախագահական ընտրություններում ստացել է ձայների մեծամասնությունը», – հայտարարել է Ընտրական դատարանի ղեկավար Մոնիկա Սոտո Ֆրեգոսոն՝ հայտնելով այդ դատարան ատյանի Բարձրագույն պալատի վեց անդամների քվեարկության արդյունքները։
Ընտրությունների արդյունքների հաստատման որոշումն ընդունվել է միաձայն։
Նա նշել է, որ կայացած նախագահական ընտրությունները ճանաչվում են վավերական, դրանք համապատասխանում են սահմանադրական և իրավական սկզբունքներին:
«Կլաուդիա Շեյնբաում Պարդոն հայտարարվում է Մեքսիկայի Միացյալ Նահանգների առաջին ընտրված կին նախագահ, որն այդ պաշտոնը կզբաղեցնի 2024 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2030 թվականի սեպտեմբերի 30-ը», – ամփոփել է Ընտրական դատարանի նախագահը։
Նա նաև հայտնել է, որ օգոստոսի 15-ին հանդիսավոր պայմաններում Շեյնբաումին կհանձվի Մեքսիկայի ընտրված նախագահի վկայականը։
Մեքսիկայի Ազգային ընտրական ինստիտուտի կայքում հրապարակված վերջին տվյալների համաձայն՝ հունիսի 2-ին կայացած նախագահական ընտրություններում Շեյնբաումի օգտին իր ձայնն է տվել ընտրողների 59,7594 %-ը: