ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել Շառլ Ազնավուրին և Երվանդ Քոչարին նվիրված արծաթե հուշադրամներ

ՀՀ կենտրոնական բանկը 2024 թվականի օգոստոսի 15-ին շրջանառության մեջ է դնում «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» և «Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակ» արծաթե հուշադրամները: Այս մասին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ

ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ (1924–2018 թթ.)՝ ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, կինոդերասան, գրող և հասարակական գործիչ:

Ծնվել է Փարիզում, Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ գաղթականների ընտանիքում:

Մանկուց մեծ հետաքրքրություն է ունեցել արվեստի հանդեպ: Պրոֆեսիոնալ ստեղծագործական ուղին սկսել է 1940-ական թվականներին: Համընդհանուր ճանաչման է արժանացել 1956 թ.՝ Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում ելույթից հետո:

Երաժշտական կարիերայի ընթացքում հեղինակել և համահեղինակել է ավելի քան 1000 ստեղծագործություն՝ «Մամա», «Բոհեմ», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Նա», «Երկու կիթառ», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն, ձայնագրել է մոտ 1400 երգ տարբեր լեզուներով: Հայաստանին նվիրված երգերի շարքում են «Քեզ համար, Հայաստան», «Նրանք ընկան», «Քնքուշ Հայաստան» երգերը:

Ազնավուրը նկարահանվել է 90-ից ավելի ֆիլմերում, հեղինակ է մի շարք գրքերի:

1988 թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո հիմնել է «Ազնավուրը Հայաստանին» ասոցիացիան, 2016 թ. որդու՝ Նիկոլա Ազնավուրի հետ ստեղծել է «Ազնավուր» հիմնադրամը՝ կրթական, սոցիալական, մշակութային ծրագրեր իրականացնելու նպատակով։

Արժանացել է բազմաթիվ պետական բարձրագույն պարգևների և կոչումների, որոնց շարքում են Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանը (ասպետի, սպայի և կոմանդորի աստիճաններ), Հայաստանի ազգային հերոսի կոչումն ու Հայրենիքի շքանշանը: 2009 թ-ից եղել է Շվեյցարիայում ՀՀ դեսպանը և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:

Ազնավուրի ստեղծագործությունը բանաստեղծության, երաժշտության և դերասանական արվեստի ինքնատիպ միահյուսում է: Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ 200 միլիոն ձայնասկավառակ։

Ազնավուրի անունով է կոչվում Երևանի հրապարակներից մեկը, Գյումրիում կանգնեցված է նրա հուշարձանը (քանդակագործ՝ Ս. Պետրոսյան, ճարտարապետ՝ Ա. Թարխանյան, 2002թ.):

Դիմերես՝ Շառլ Ազնավուրին շնորհված Հայրենիքի շքանշանը՝ հավերժության նշանի ֆոնին:

Դարձերես՝ Շառլ Ազնավուրի դիմապատկերը` հավերժության նշանի ֆոնին, Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության դրոշների միաձուլվող պատկեր:

Էսքիզների հեղինակ՝ Հարություն Սամուելյան:

Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը- 1000 դրամ

Մետաղը/հարգը- արծաթ 9250

Քաշը- 33,6 գ

Տրամագիծը- 40,0 մմ

Որակը- պրուֆ

Դրամաշուրթը- ատամնավոր

Թողարկման քանակը- 1000 հատ

Թողարկման տարեթիվը- 2024

Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակին նվիրված հուշադրամ

ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐ (Քոչարյան, 1899–1979 թթ.)՝ հայ մեծ նկարիչ-արձանագործ, տարածական (քառաչափ, կինետիկ) նկարչության հիմնադիր, ՀԽՍՀ (1965 թ.) և ԽՍՀՄ (1976 թ.) ժողովրդական նկարիչ:

1909–1919 թթ. սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, հաճախել նկարչության և քանդակի դպրոց, ուսանել Մոսկվայի Ազատ գեղարվեստական արվեստանոցներում:

Քոչարի վաղ շրջանի ստեղծագործություններն աչքի են ընկնում յուրօրինակությամբ և գույների նուրբ զգացողությամբ. «De Profundis » (1919 թ.), «Դեռահասը» (1919 թ.), «Իտալացի պոետը» (1922 թ.):

1922 թ. մեկնում է Կ. Պոլիս, Վենետիկ, այնուհետև՝ Փարիզ: 1923–1936 թթ. մասնակցում է բազմաթիվ ցուցադրությունների, ունենում չորս անհատական ցուցահանդես։ Փարիզում Քոչարը ստեղծում է տարածական նկարչությունը, ինչն Ավանգարդ արվեստի մեծագույն նվաճումներից է:

Քոչարը համարվում է ժամանակակից արվեստի այն ռահվիրաներից, որոնք վերափոխեցին արդի գեղանկարչության մասին պատկերացումները: Նա հայ արվեստ է բերում բարձրագույն պրոֆեսիոնալիզմ, նպաստում կարծրատիպերի, միօրինակության հաղթահարմանը՝ մեծ ներգործություն ունենալով հայ կերպարվեստի և գեղագիտական մտքի զարգացման վրա. ստեղծվում են «Պատերազմի արհավիրքը» գեղանկարը (1962 թ.), «Զվարթնոցի արծիվ» հուշակոթողը (1955 թ., ճարտարապետ՝ Ռ. Իսրայելյան), «Կիբեռնետիկայի մուսան» (1972 թ., ճարտարապետ՝ Հ. Քոչար),  «Վարդան Մամիկոնյան» (1975 թ., ճարտարապետ՝ Ս. Քյուրքչյան) արձանները և համայն հայության խորհրդանիշ դարձած «Սասունցի Դավիթը» (1959 թ., ճարտարապետ՝ Մ. Մազմանյան):

Երևանում գործում է Երվանդ Քոչարի թանգարանը (1984 թ.), նրա անունով անվանակոչվել են փողոց Երևանում և Հրազդան քաղաքի արվեստի կենտրոնը:

Արվեստագետի գործերը ներկայացված են աշխարհի բազմաթիվ թանգարաններում, սակայն «Տարածական նկարչությունը» կարելի է տեսնել միայն Երվանդ Քոչարի թանգարանում և Փարիզի ժամանակակից արվեստի ազգային թանգարանում՝ Պոմպիդու կենտրոնում։

Դիմերես՝ Երվանդ Քոչարի «Մելինեի դիմանկարը» գեղանկարը (1930 թ.) և «Էրեբունի-Երևան» տարածանկարը (1968 թ.):

Դարձերես՝ Երվանդ Քոչարի դիմապատկերը, դրվագ «Պատերազմի արհավիրքը» կտավից (1962 թ.) և «Մելամաղձություն» քանդակը (1959 թ.):

Էսքիզների հեղինակ՝ Կարեն Մելիքյան:

Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը- 100 դրամ

Մետաղը/հարգը- արծաթ 9250

Քաշը- 28,28 գ

Չափը- 28,0 x 40,0 մմ

Որակը- լավացված

Դրամաշուրթը- հարթ

Թողարկման քանակը- 500 հատ

Թողարկման տարեթիվը- 2024

Ծանուցում. Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով:

Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին:

Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում:

Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում և բաց է բոլորի համար:

Տեսանյութեր

Լրահոս