Իրանը մտադիր չէ մասնակցել Գազայում հրադադարի շուրջ բանակցություններին
Իրանը չի դիտարկում Գազայի հատվածում հրադադարի շուրջ առաջիկա բանակցություններին իր ներկայացուցիչներին ուղարկելու հնարավորությունը: Այս մասին հաղորդում է Associated Press-ը (AP)՝ վկայակոչելով ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությանը:
«Մենք չենք մասնակցել ՀԱՄԱՍ-ի և (Իսրայելի) ռեժիմի միջև հրադադարի շուրջ անուղղակի բանակցություններին, որոնք անցկացվել են Եգիպտոսի, Կատարի և ԱՄՆ-ի աջակցությամբ, և մտադիր չենք մասնակցել նման բանակցությունների», – գործակալությունը մեջբերում է ներկայացուցչության հայտարարությունը:
AP-ն նշում է, որ հայտարարությունն արվել է՝ կապված այն բանի հետ, որ ԱՄՆ-ն ստիպում է հրադադար հաստատել՝ հուսալով, որ նման գործարքը կխանգարի Իրանին ու նրա դաշնակիցներին հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղաքական ղեկավար Իսմայիլ Հանիյեի և Բեյրութում իսրայելական հարվածից «Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքրի սպանությունների:Ավելի վաղ ԱՄՆ-ի, Կատարի և Եգիպտոսի ղեկավարները կոչ էին արել Իսրայելին ու ՀԱՄԱՍ-ին օգոստոսի 15-ին վերսկսել Գազայի հատվածում հրադադարի և պատանդների ազատ արձակման համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Միջնորդները խոստացել են ներկայացնել համաձայնագրի վերջնական տարբերակը։
The Wall Street Journal թերթի տվյալներով` այս շաբաթ սպասվում է ԱՄՆ բարձրաստիճան պատվիրակության ժամանումը տարածաշրջան։2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակման հետևանքով Իսրայելում 1200 մարդ է զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։
Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների ընթացքում Գազայի հատվածում զոհերի թիվը մոտենում է 40 000-ի։