Եվրոպայում 2023 թվականին տապից շուրջ 48.000 մարդ է մահացել

2023 թվականին Եվրոպայում տապից մահացել է 47 690 մարդ: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Բարսելոնայի ISGlobal ինստիտուտի ուսումնասիրությունը։

Այսպիսով, անցած տարին վերջին տասնամյակում երկրորդն է դարձել տապից մահացության թվով։ Այս ցուցանիշն էլ ավելի բարձր էր 2022 թվականին, երբ տապից ավելի քան 60 000 մարդ էր մահացել։

Ըստ գնահատումների՝ Հունաստանում մեկ միլիոն բնակչի հաշվով 393 մարդ է մահացել տապի պատճառով: Նրան հաջորդում են Բուլղարիան՝ 229 մահվան դեպքով, Իտալիան՝ 209-ով և Իսպանիան՝ 175-ով։ Հետազոտողները պարզել են, որ 2023 թվականին՝ դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաշոգ տարում, Եվրոպայի հարավում արձանագրվել է մայրցամաքում մահացության ամենաբարձր ցուցանիշը: Համեմատության համար նշենք, որ Գերմանիայում նման մահերի թիվը գնահատվում է 76` մեկ միլիոն բնակչի հաշվով։

«Մեր արդյունքները ցույց են տալիս, թե ինչպես են ընթացիկ հարյուրամյակում տեղի ունեցել բարձր ջերմաստիճաններին հասարակության ադապտացման գործընթացները, որոնք զգալիորեն նվազեցրել են տապի հետ կապված խոցելիությունը և մահացությունը վերջին ժամանակների ամառային սեզոններին, հատկապես տարեցների թվում»,- հայտարարել է հետազոտության առաջատար հեղինակ Էլիզա Գալոն:

Հետազոտության ժամանակ վերլուծվել են եվրոպական 35 երկրներում ջերմաստիճանային ցուցանիշները և մահացության տվյալները։

Մահացության դեպքերի կեսից ավելին գրանցվել է 2023 թ. հուլիսի կեսից մինչև օգոստոս՝ անոմալ շոգի ժամանակ։ Օրինակ՝ Սիցիլիայում անցյալ տարվա հուլիսի 18-ին գրանցվել է ըստ Ցելսիուսի 44 աստիճան տաքություն։

Տեսանյութեր

Լրահոս