Վրաստանը նոր ճանապարհ է կառուցում դեպի Հայաստան

Վրաստանն սկսում է Հայաստանը եվրոպական մայրուղու հետ կապող նոր ճանապարհի շինարարությունը: Վրաստանի կառավարությունը նախաձեռնել է ենթակառուցվածքային լայնածավալ նախագիծ՝ Ռուսթավի-Սադախլո չորս երթևեկելի գոտիով նոր մայրուղու կառուցումը, որը Հայաստանը կկապի միջազգային E60 մայրուղուն։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Նշվում է, որ  էկոնոմիկայի նախարարությունն արդեն հրահանգել է այդ նպատակների համար Մառնեուլիի շրջանում սեփականատերերից օտարել հողատարածքներ։

Նախագիծը, որը գնահատվում է 250 մլն եվրո, ֆինանսավորում է Եվրոպական ներդրումային բանկը՝ որպես Արևելք-Արևմուտք միջազգային ճանապարհի զարգացման վարկային համաձայնագրի մաս։ Մոտ 30 կիլոմետր երկարությամբ նոր երթուղին կանցկացվի գործող ճանապարհին զուգահեռ և կներառի 11 կամուրջ:

Այս շինարարությունը ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն Վրաստանի, այլև Հայաստանի համար։ Նոր ճանապարհը Հայաստանին կտրամադրի.

1. ուղիղ միացում միջազգային արագընթաց E60 մայրուղու հետ,

2. եվրոպական Արևելք-Արևմուտք միջազգային մայրուղու նախագծի մաս անուղղակիորեն դառնալու հնարավորություն,

3. հոծ տրանսպորտային միջանցք Վրաստանի տարածքով:

Երկու երկրների համար այս նախագծի կարևորությունը դեռևս 2021 թվականին ընդգծել էր Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Քարսելաձեն՝ դա անվանելով բեկումնային թե՛ Վրաստանի, թե՛ Հայաստանի համար։

Տեսանյութեր

Լրահոս